ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 125

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ այն ժամանակ չէր խուսափում լրագրողների հետ շփումներից, մամուլի ասուլիսներ էր կազմակերպում, ասուլիսից առաջ, ավանդույթի ուժով 100 փաստ էր ներկայացնում՝ գովելով թե՛ իրեն, թե՛ իր ներկայացրած կաբինետը։ Այդ օրվա ասուլիսի 92-րդ փաստն այն մասին էր, որ Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ «Այսուհետեւ բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչեւ 1 տարի ազատազրկում է նախատեսվում»,- ասում էր նա։

Այդ հայտարարությունից թե՛ հետո, թե՛ առաջ, սակայն, հենց ինքը՝ Փաշինյանը, մեկ անգամ չէ, որ բռնության կոչով է հանդես եկել՝ ասելով՝ «պատերին կծեփենք», «ասֆալտին կպառկեցնենք», «թաթիկները կկտրենք»՝ դեռ չասած 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրության ժամանակ ասած «բոլորին շ*նելու» եւ մուրճով հարցերը լուծելու պատրաստակամության մասին։ Այդ հայտարարություններից հետո իրավապահ համակարգի որեւէ կառույց դրանք չի ուսումնասիրել, ու Փաշինյանի խոստացած՝ օրենքի տառին համապատասխան վերոնշյալ՝ բացահայտ բռնության կոչեր պարունակող արտահայտությունները քննության առարկա անգամ չեն դարձել։ Եվ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  հանդիպումից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Բանն այն է, որ պատգամավորների մի շրջանակ ամեն դեպքում տեղյակ էր, որ ՌԴ-ն 15 կետից բաղկացած փաստաթուղթ է  ներկայացրած եղել, որի 14 եւ 15 կետերը խնդրահարույց են եղել երկու կողմերի համար: Մասնավորապես, «Ժողովուրդ»  օրաթերթին պատգամավորները պատմեցին, որ 14-րդ կետը վերաբերել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգմանը, որին Հայաստանը կողմ է եղել, Ադրբեջանը՝ դեմ, իսկ 15-րդ կետը վերաբերել է Արցախի ինքնորոշման հարցին, որին նույնպես դեմ է եղել Ադրբեջանը: Չնայած արեւմտյան տարբերակով եւս Արցախի ինքնորոշման հարցը չի կարգավորվում, սակայն հաշվի առնելով սեպտեմբեր ամսվա Ադրբեջանի գործողություններից հետո ՌԴ կողմի չեզոքությունը՝ իշխող թիմը շարունակում է հակված մնալ արեւմտյան տարբերակին եւ նրանց հետ հարաբերությունների կարգավորմանը՝ կտրելով ՌԴ-ի հետ կապը: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ անորոշ է խաղաղապահների ապագան, եւ չնայած Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել երկարաձգման հարցը, այն այդպես էլ չեղավ: Այստեղ հիշեցնենք Արցախի ապագա պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը՝ ասված Համահայկական համաժողովի ժամանակ. «Մենք ունենք ճգնաժամ. 922 օր է մնացել մեզ, եթե ոչ մի բան չանենք, Արցախը կորցնելու ենք»: Սա հենց խաղաղապահների ժամկետին է վերաբերում. hենց այդքան օր անց ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից: Ի դեպ, այսօր խորհրդարան է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ չնայած թեման բյուջեն է, սակայն, մեր տեղեկություններով, լինելու է նաեւ քաղաքական ելույթ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններն այս օրերին լուրջ քննություն են սկսել սեպտեմբերի 13-ին եւ 14-ին սկսված պատերազմի գործողությունների մասով: Քննչական մարմինները լծվել են զորամասերի անձնակազմին հարցաքննելու գործին եւ փորձում են հասկանալ, թե ինչու եւ ինչպես ստացվեց, որ երկու օրվա մեջ հակառակորդն այդքան դիրքային առավելություն ունեցավ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում սեպտեմբերի 13-ի եւ 14-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերով մեղադրանքների առաջադրման տեղատարափ է լինելու, ասել է թե՝ իրավապահ համակարգը տարածքների կորստի բեռը ջարդելու է զորամասի անձնակազմի «գլխին», թե ով ինչ արեց կամ չարեց հայրենիքը փրկելու համար: Առաջին մեղադրանքն արդեն կա. ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետի պետին է մեղադրանք առաջադրվել, որ նա հրաժարվել է պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի հրամանը կատարել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին: Մասնավորապես, լաստանավի տարածքում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության պատճառով եւ անցումները «Կովկաս» նավահանգստում Ղրիմի Հանրապետության ուղղությամբ վերացնելու նպատակով ստեղծվել է լաստանավի վրա բեռնման սպասման հերթ: Այդ որոշմամբ սահմանվելու է այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը թույլատրվում է: Այսպիսով, լինելու է Ղրիմի Հանրապետություն բեռնափոխադրումների առաջնահերթություն: Թույլատրվող բեռներն են լինելու փչացող ապրանքներ, երկրորդ տեղում՝ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ, դեղագործական արտադրանք: Ընդ որում՝ այն բեռները, որոնք չեն պատկանում նշված ցուցակներին, խորհուրդ է տրվում ուղարկել՝ օգտագործելով երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտ: Հրապարակվել է նաեւ փչացող ապրանքների ցանկը՝ խորը սառեցված եւ սառեցված մթերքներ, այլ փչացող ապրանքներ, արագ փչացող ապրանքներ՝ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք եւ թթու կաթ, սննդամթերք, միս եւ դրա վերամշակման արտադրանք եւ այլ սննդամթերք, որոնք պահանջում են փոխադրման ջերմաստիճանային ռեժիմ: Ի վերջո, ի՞նչ են ենթադրելու այս փոփոխությունները, ինչպես կանդրադառնան Հայաստանի, այստեղ վաճառվող ապրանքների գների վրա: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։ Վերջինս լրագրողների հետ զրույցից հետո համաձայնել էր պատասխանել նաեւ մեր առանձին հարցերին, սակայն երբ իմացավ, թե մենք որ լրատվամիջոցն ենք ներկայացնում, որոշեց, թե չպետք է պատասխանի, քանի որ արդեն խոսել է: Այդ պահվածքից, ցավոք, ՀՀ ներմուծվող ապրանքների արգելքի խնդիրը չի լուծվում:

 

 




Լրահոս