ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր խորհրդարանում հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորներին: Հայաստան ժամանած պատվիրակության կազմում էին Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ում հետ էլ հանդիպումից հետո զրուցել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների շուրջ:

 

«Մենք այստեղ ենք մեր համերաշխությունը հայտնելու Հայաստանին եւ Արցախին: Եվ ես իսկապես գոհ չեմ այն էներգետիկ գործարքից, որը կնքվել է նախագահ Ալիեւի հետ: Կարծում եմ՝ հենց դա խրախուսեց Ալիեւին շարունակել իր ագրեսիան: Սա իսկապես կարեւոր պահ է մեզ համար, որ այստեղ ենք, քանի որ Եվրախորհրդարանում մենք գործ ունենք Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի հետ, եւ մենք ցանկանում ենք փոխել այն, քանի որ դա չափազանց դրական է։ Մենք այստեղ ոչ միայն մեր բարեկամությունն ու համերաշխությունն ենք հայտնելու, այլ նաեւ պետք է դադարեցնենք Ալիեւի ագրեսիան եւ փոխենք այն զեկույցի տոնն ու ձայնը, որն այժմ պատրաստվում է խորհրդարանում», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա։

Հարցին՝ ինչու չի հաջողվում կանգնեցնել Ադրբեջանին, Եվրախորհրդարանի պատգամավորը նկատեց. «Կարծում եմ՝ Ադրբեջանին կանգնեցնելու համար չպետք է արվեր էներգետիկ գործարքը, քանի որ այս էներգետիկ գործարքի պատճառով նա իրեն քաջալերված է զգում շարունակելու իր քաղաքականությունը: Բայց մենք պետք է մեծամասնություն ունենանք Եվրախորհրդարանում՝ Ադրբեջանի դեմ խիստ հայտարարություն անելու, Հայաստանին աջակցելու համար, եւ ես կարծում եմ, որ դրանք քաղաքական միջոցներն են, որ մենք ունենք Եվրոպայում, եւ պետք է Ալիեւը հասկանա, որ Եվրոպան միասնական է»:

Նշենք՝ հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյը եւ Լարս Պատրիկ Բերգը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չափազանց կարեւոր համարեց նման հանդիպումները, քանի որ եւս մեկ անգամ հնարավորություն է առկա բարձրացնել հարցերը: «Չափազանց կարեւոր հանդիպում էր, եւ հյուրընկալել էինք Հայաստանի ու Արցախի բարեկամներին: Շատ եմ կարեւորում նման հանդիպումները, քանի որ Արցախում եւ Հայաստանում հայ մարդիկ պետք է զգան եւ գործնականում պետք է տեսնեն մեր գործընկերների ու բարեկամների աջակցությունն ու վճռականությունը՝ կանգնելու հայ մարդու կողքին իր արդար եւ շատ ազնիվ պայքարում», – նկատեց նա:

Հավելենք, որ եվրոպական պատվիրակությունը վաղը մեկնելու է Սյունիք տեղում իրավիճակին ծանոթանալու համար: «Չափազանց  կարեւորում եմ սա. իրենք պետք է գետնի վրա տեսնեն իրավիճակը, փաստահավաք աշխատանք իրականացնեն, եւ իրենք մեր խոսափողն են եվրոպական խորհրդարանում, եւ սա պետք է հասկանալ շատ լայն իմաստով: Իրենք, առհասարակ, հայ ժողովրդի՝ քաղաքակիրթ աշխարհի հավատամքի, սկզբունքների պաշտպաններն են, եւ այստեղ մենք մեկ նավակում ենք միասին: Այսինքն՝ այն պայքարը, որ հայ ժողովուրդը հիմա մղում է Արցախում ինքնորոշման իրավունքի համար, հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել», – հավելեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը:

Նշենք, որ խորհրդարանում Եվրոախորհրդարանի պատվիրակները հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք՝ Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԻՐԱՆԻՑ

Վարչապետի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոյեմբերի 1-ին Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարեւորել են իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։

Քննարկել են նաեւ Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։ Կարեւորել են ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

 

ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կրում Եֆրեմովը (նստավայրը՝ Կիեւ):

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ չնայած Հայաստանը եւ Հյուսիսային Մակեդոնիան ունեն դիվանագիտական հարաբերությունների կարճ ընթացք, երկու երկրների ժողովուրդները միմյանց շատ լավ են ճանաչում, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն եւ անցել են ծանր փորձությունների միջով: «Մեր պաշտոնական հարաբերությունները մեզ հնարավորություն կտան առավելագույնս օգտագործել երկու պետությունների հնարավորությունները»,- նշել է նախագահը:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, ընդգծվել, որ խնդրի հանգուցալուծմանը հնարավոր է հասնել բանակցությունների ու դիվանագիտական լուծումների միջոցով:

 

 

 

 

ՆԻՍՏԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը, նախատեսված է նոյեմբերի 23-ին Երեւանում. հայտնել են կազմակերպությունից։

«Կայացել է Բելառուսի նախագահի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության շրջանակում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի արդյունքները։

Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երեւանում նախատեսվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին»,- սոցիալական ցանցում տեղեկացրել է կազմակերպությունը։

 

 

 

 

ԼՈՂԱՑՈՂ ՓՈԽԱՐԺԵՔ

Դրամի փոխարժեքը տնտեսությունում տեղի ունեցող գործողությունների հետեւանք է, այսինքն՝ մենք ունենք միջազգային այցելուներ, որոնց՝ Հայաստան ժամանելու արդյունքում ունենք շատ մեծ արտաքին պահանջարկ. իրենք մարում են իրենց մոտ եղած արտարժույթը, ձեռք են բերում դրամ: Այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ այդ միտումն արտահայտվում է տնտեսության մեջ ծառայությունների, առեւտրի ոլորտների աճով եւ դրամի որոշակի արժեւորման տենդենցներով:

«Այդ մարդիկ, որոնք տեղափոխվել են Հայաստան գործարարությամբ զբաղվելու կամ այլ նպատակով, նրանց ծախսման ուղղությունն արժութային է, իրենք մարում են իրենց մոտ եղած արտարժույթը՝ ձեռք բերելով հայկական դրամ»,-ասաց ԿԲ նախագահը:

Գալստանյանի խոսքով՝ այն իրավիճակում, երբ Հայաստանում առկա է լողացող փոխարժեք, ԿԲ-ն միջամտում է միայն այն դեպքում, երբ զգում է, որ շուկան խեղաթյուրվում է:

Հիշեցնելով, որ ՌԴ-ում սեպտեմբերին մոբիլիզացիա էր հայտարարվել, բանախոսը նկատեց, որ դրա արդյունքում Հայաստանում արտարժույթի հոսքը կրկին ավելացել էր, ինչը ԿԲ-ն չէր կարող անարձագանք թողնել, քանի որ այն իր ազդեցությունն է ունենում նաեւ արժութային շուկայի վրա:

Անդրադառնալով բարձր գնաճին՝ ԿԲ նախագահն ասաց. «Գնաճի դեմ պայքարում ենք մի քանի եղանակներով, որոնցից մեկը տոկոսադրույքն է,  երկրորդը՝ փոխարժեքը, դրամի արժեւորումը, որը բնական պրոցես է, օգնում է  գնաճը որոշակիորոն զսպելուն»:




Լրահոս