Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպեց ԵՄ առաքելության դիտորդական թիմին, որը ղեկավարում էր առաքելության ղեկավարի տեղակալ Էսբեն Ռիս Պետերսոնը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, զինվորականներ։
Էսբեն Ռիս Պետերսոնը հանդիպման սկզբում տեղեկացրել է, որ Եվրամիության դիտորդների՝ Գեղարքունիքի մարզում գործունեություն իրականացնող թիմի նպատակն է պարեկություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածից։ Առաքելությունը կհետեւի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձեւավորելու եւ սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունել է ԵՄ առաքելության դիտորդների այցը Գեղարքունիքի մարզ, ապա հանգամանալից ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Վարդենիսի բնակավայրերում ստեղծված իրավիճակի մասին, որն առնչվում էր տարհանված բնակչության վերադարձին, գյուղատնտեսական աշխատանքների անբավարար ընթացքին, վնասված շենք-շինություններին, ենթակառուցվածքներին, դպրոցներին, նախադպրոցական հաստատություններին, քաղաքացիական այլ կառույցներին եւ այդ ուղղությամբ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվող ու իրականացվող միջոցառումներին։
Մարզպետը հույս է հայտնել, որ ԵՄ դիտորդների մուտքը մարզ հնարավորություն կտա ավելի օբյեկտիվ գնահատել առկա իրավիճակը եւ նպաստել խնդիրների խաղաղ կարգավորմանը։
Գեղարքունիքի մարզի սահմանային տարբեր հատվածներում թշնամու սանձազերծած ագրեսիայի եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին ԵՄ առաքելության դիտորդներին տեղեկատվություն է ներկայացրել նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։
Հայկական կողմի ներկայացուցիչները պատասխանել են դիտորդներին հետաքրքրող տարատեսակ հարցերի։ Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին եւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանին՝ նման քննարկում ծավալելու, բովանդակալից եւ հագեցած տեղեկատվություն ներկայացնելու համար։
Այնուհետ Գեղարքունիքի մարզպետի, երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի եւ Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ԵՄ առաքելության դիտորդական խումբն այցելել է հակառակորդի հրետակոծությունից տուժած Կուտական, Սոթք եւ Կութ բնակավայրեր՝ տեղում դիտարկելու եւ արձանագրելու առկա վիճակը, իրենց հետագա գործունեության ուղղությունները նախատեսելու նպատակով։
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ՆՇՎԱԾ ՉԷ
Հոկտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովում իշխող կուսակցության վերահսկիչ հանձնաժողով է ընտրվել, որի անդամների թվում է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, նրա դասընկեր, Նիկոլ Փաշինյանի կողմից 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի կենսագրության մեջ, որը հրապարակված է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում, նշում չկա նրա կուսակցական պատկանելիության մասին։
ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵԼ ԵՆ
Պառավաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Ղայթմազյանը նոր ուսումնական տարվա սկզբից՝ սեպտեմբերի 1-ից՝ ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ից, փակել է տալիս դպրոցի դռները, եւ բոլոր ուշացած աշակերտները հնարավորություն չեն ունենում մասնակցելու դասերին։ «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցում է ուղարկել՝ հարցնելով՝ դպրոցի տնօրեն Ն. Ղայթմազյանի այդ գործողությունը օրինական է, թե անօրինական։ Մարզպետի գրավոր պատասխանում նշված է, որ դպրոցի ծնողխորհուրդների նախագահների առաջարկությունը հաշվի է առնվել, «Պառավաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առավոտյան ժամը 9:00-ին ժամանակավորապես փակվել է մուտքի դուռը մինչեւ 1-ին դասաժամի ավարտը, չի թույլատրվել աշակերտների մուտքը դպրոց, որոշումը կայացվել է մանկավարժական եւ ծնողական խորհուրդների նիստերում աշակերտների ուշացումները կանխելու եւ կարգապահությունը բարձրացնելու նպատակով։ Պառավաքարի դպրոցից հայտնում են, ուշացած, դպրոցի դռների փակ լինելու պատճառով առաջին դասաժամին չմասնակցած աշակերտներին դպրոցի տնօրինությունը համարում է ամբողջ օրը դասերից բացակայած։ Պառավաքարի դպրոցի ծնողխորդի անդամ Գոհար Ալավերդյանը հայտնում է Պառավաքարի դպրոցում կատարվող անթույլատրելի երեւույթների մասին. «ՀՀ տարածքում այդքան դպրոցներից կարո՞ղ եք նշել այնպիսի մեկը, որտեղ բռնանում են աշակերտների ազատությանը. ո՞ր դպրոցում են աշակերտները ջուր խմում զուգարանի ծորակից, ո՞ր կրթական հաստատությունում են աշակերտի առաջ դուռ փակում, ո՞ր դպրոցում են ուսուցչին ազատում աշխատանքից՝ պատճառաբանելով, թե թափուր հաստիք չկա, բայց ամիսներ անց նույն մասնագիտությամբ հեռակա սովորած այլ աշխատողի ընդունում աշխատանքի: Պատճառը հաստիք չլինելը չէ, այլ այն, որ աշխատողը ներկայիս տնօրենի համախոհը չի եղել ու չի սատարել նրան տնօրենի ընտրության ժամանակ: Կարող եմ փաստել, որ այս ամենը գալիս է իրենց սեփական շահից: Երեխա եք կրթում, դաստիարակում, որ վաղը, երբ գա աշխատանք խնդրի իր սեփական դպրոցից, հեռացնե՞ք»: Պառավաքարի դպրոցից հայտնեցին, որ դպրոցական աշնանային արձակուրդների ավարտից հետո՝ հոկտեմբերի 31-ին, Պառավաքարի դպրոցի տնօրեն Նաիրա Ղայթմազյանը չի կարգադրել առավոտյան ժամը 9-ից փակել դպրոցի մուտքի դռները։ Դպրոցում կատարվող այդ ապօրինության վերաբերյալ մեր հրապարակում-քննադատությունը դրական արդյունք է տվել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՁՄՌԱՆԸ
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին։ Նոյեմբերի 15-ին կմեկնարկի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկումը… որը կշարունակվի մինչեւ մարտի 31-ը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի մասնագետներն այս օրերին գործուղվում են տարբեր ուղղություններով՝ հետեւելու 38 սպասարկող կազմակերպությունների նախապատրաստական աշխատանքներին՝ աղ-ավազի պաշարների կուտակմանը, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակին եւ այլն։
Նոյեմբերի 16-ից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում կսահմանվի նաեւ շուրջօրյա հերթապահություն, որի ընթացքում 24-ժամյա տեղեկատվություն կհավաքվի Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ՝ այդ մասին ծանուցելով հանրությանը։
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ
2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4 մլրդ 418 մլն դրամ. ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կառույցի բյուջետային ծրագրերը, ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Ըստ նրա՝ նշված գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագիրը, որի նպատակն է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի զարգացումը, պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը եւ պաշտպանությունը:
Գեոդեզիայի ու քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում է շարունակել երկրատեղեկատվական համակարգում բնակավայրերի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները, օրթոֆոտոհատակագծերով ամբողջությամբ ծածկված համայնքների ճշգրտված կադաստրային թաղամասերի հատակագծերը, համայնքների կադաստրային թաղամասերի ուղղման նպատակով լրացուցիչ կետերի դիտարկման եւ թաղամասերի արտաքին սահմանների ամբողջական ուղղման աշխատանքները: