Վահանագեղձի աշխատանքի լուրջ խանգարումների մասին կարող է հուշել մատնեմատների եղունգների արտաքին տեսքի փոփոխությունը։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է մաշկաբան Ալեքսեյ Ցիկինը։
Այս օրգանի աշխատանքի ամենատարածված խանգարումը վահանագեղձի հորմոնների նորմայից շատ արտադրությունն է։ Այս հիվանդության մասին սովորաբար հուշում են հոգնածությունը, տրամադրության տատանումներն ու քաշի կորուստը, սակայն վերոնշյալ ախտանշաններից բացի խնդրի մասին կարող են նախազգուշացնել նաև մատնեմատի եղունգի ախտաբանական փոփոխությունները։
Ինչպես բացատրել է մաշկաբանը, այս հիվանդության դեպքում եղունգը կարող է անջատվել մաշկից, իսկ այդ գործընթացը սովորաբար սկսվում է մատնեմատից։
«Այս ախտանշանը կոչվում է «Փլամերի եղունգներ»՝ ի պատիվ ներզատաբան Հենրի Փլամերի, ով առաջինն է հայտնաբերել այդ կապը», – հավելել է մասնագետը։
Բացի այդ, թիրեոտոքսիկոզի դեպքում մաշկի ջերմաստիճանը բարձրանում է, ի հայտ է գալիս ինտենսիվ պիգմենտացիա, իսկ ֆալանգները հաստանում են։ Նման փոփոխությունների առկայության դեպքում մասնագետը հորդորում է անհապաղ խորհրդակցել ներզատաբանի հետ։