ՖՈՏՈ. FINTECH 360 միջազգային համաժողովը՝ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-5-ը Երևանում տեղի ունեցավ FINTECH 360 միջազգային համաժողովը:  Այն մեկ հարկի տակ էր հավաքել բանկերի, ֆինանսական հաստատությունների, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության, ՏՏ ընկերությունների, մասնագիտացված ասոցիացիաների եւ այլ կազմակերպությունների ղեկավարներին:

Նախ ներկաներին ողջունեց  «Յունիբանկ» ԲԲԸ համահիմնադիր, խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը եւ ընդգծեց, թե այս տարիների ընթացքում համաժողովի անունը փոխվել է: «2020 թ.-ին մենք համաժողովը վերանվանել ենք FINTECH 360` հաշվի առնելով ամբողջ աշխարհում ողջ ֆինանսական ծառայությունների թվայնացումը: Վերջին տարիներին ժամանակակից մարտահրավերները մեզ ցույց են տալիս, որ տեխնոլոգիաների նկատմամբ մեծանում է մեր հաճախորդների պահանջարկը, պահանջմունքների բազմազանությունը»:

Համաժողովին ներկա էր եւ ողջույնի խոսք հղեց նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝  նկատելով, որ թվային օրակարգը ՀՀ  առաջնահերթություններից է, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էլ  իր խոսքում կարևորեց ոլորտին առնչվող հարկային արտոնությունների, օրենսդրական նախաձեռնությունների, տարբեր ծրագրերի ստեղծման իրենց քաղաքականությունը:

Ողջույնի խոսքից հետո սկսվեցին պանելային քննարկումները: Բանկային գործընթացների ռոբոտացման, արհեստական ​​ինտելեկտի մասին ելույթ ունեցավ Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Նա նշեց, որ արհեստական ինտելեկտի ներդրումն ու կատարելագործումը բանկային ասպարեզի ամենահեռանկարային ուղղություններից է, քանի որ  դրա կիրառումը բանկին հնարավորություն է տալիս կրճատել ծախսերը և մեծացնել շահույթները:

Հավելենք, որ համաժողովն անցկացվում էր «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

Ն.Հ.




Լրահոս