ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում ուսուցիչը պիտի ստանա 800.000, 1.000.000, 1.200.000 դրամ աշխատավարձ. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Մանկավարժական համալսարանի 100-ամյակի առիթով և ընդգծել, որ սա շատ կարևոր հոբելյան է: «Այս հոբելյանը մեզ համար նաև մի կարևոր հանգրվան է, երբ մենք առանց որևէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը, և հետևաբար՝ նաև մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձևերի և այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին:

Եկեք վերադառնանք այն ժամանակները, երբ հիմնադրվում էր բուհը: Դա մի ժամանակ էր, երբ Հայաստանում, ինչպես նաև շատ երկրներում, ստեղծվում էին այնպիսի հաստատություններ, որոնք կոչվում էին «լիկկայաններ»: Դրանք նրա համար էին, որ մարդկանց դարձնեն տառաճանաչ, որովհետև անգրագիտությունը, ցավոք, համատարած երևույթ էր՝ ինչպես այդ ժամանակի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում:

Բայց, ցավով պիտի արձանագրենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանի ժամանակներում մենք նույնպիսի կամ նման մարտահրավերների առաջ ենք կանգնում. երբ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում, օրինակ, մինչև 10 տարեկան երեխաների մի շատ մեծ տոկոս ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Սա ազգային անվտանգության խնդիր է: Առանց չափազանցության:

Եվ մենք այսօր այս խնդիրը լուծելուն ուղղված քայլերի անխուսափելիության առաջ ենք կանգնած: Դա է պատճառը, որ հանրակրթության ոլորտում ձեռնարկված են, իսկապես, մասշտաբային և խորը բարեփոխումներ: Այդ բարեփոխումների անկյունաքարային իմաստն ընդգծելն է կրթության, հանրակրթության, նախադպրոցական կրթության անկյունաքարային և ռազմավարական նշանակությունը: Բայց և ընդգծելն է, որ առանց պրոֆեսիոնալ ուսուցչի, առանց պրոֆեսիոնալ ուսուցչական խավի այդ խնդիրը հնարավոր չի լինելու լուծել: Եվ հետևաբար՝ մանկավարժական կրթության հետագա զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն:

Այսօր ուրախ եմ այս հոբելյանի առիթով հնարավորություն ունենալ հայտարարել, որ ապրում ենք մի ժամանակներում, որտեղ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվում է և եռապատկվում է: Եվ ուրախ եմ արձանագրելու, որ այս գործընթացը լինելու է շարունակական: Եվ ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այո, այսօր մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ուոսուցիչներն ստանան 400.000 դրամ աշխատավարձ, բայց դա միայն սկիզբն է: Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը պիտի ստանա 800.000, 1.000.000, 1.200.000 դրամ աշխատավարձ: Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներ պատրաստող դասախոսներին, որովհետև նրանց պատասխանատվությունն առավել մեծ է, նրանց աշխատանքի արդյունքն առավել էական է իմ նշած գործընթացի հաջող ձևակերպման և հանգուցալուծման համար:

Բայց այս գործընթացը մենք անում ենք ոչ միայն գործող ուսուցիչների, այլ նաև դպրոցների շրջանավարտների համար, որ նրանք իմանան, որ պետական ամենաբարձրագույն մակարդակով ուսուցչի աշխատանքը, ուսուցչի մասնագիտությունը կարևորվում է և համարվում ռազմավարական, և այս տեքստի, այս ասելիքի կոնկրետ, գործնական իրագործում է տեղի ունենում մեր օրերում:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի սիրելի դասախոսներ, ղեկավարներ, ուսանողներ, շրջանավարտներ,

Կրկին թույլ տվեք շնորհավորել բոլորիս այս կարևոր հոբելյանի առիթով և արձանագրել, որ 100-ամյակը լավ առիթ է ամփոփելու կատարված աշխատանքը, բայց առավել ևս լավ առիթ է՝ պլանավորելու ապագան: Եվ այն ապագան, որ մենք կպլանավորենք և կիրականացնենք մանկավարժական կրթության ոլորտում, ահա, այդ ապագան իր պլանավորման և իրականացման որակի տեսքով որոշ ժամանակ անց կդառնա իրականություն:

Համոզված եմ, որ մենք կկարողանանք այսօր արդեն նախագծել և վաղն իրագործել ազատ, երջանիկ և անվտանգ Հայաստանի ապագան, և այդ ապագան պիտի կերտվի մանկավարժության, մանկավարժական կրթության ոլորտում, մանկավարժական կրթության համալսարանում: Հույս ունեմ նաև, որ դուք բոլորդ կաջակցեք այն բարեփոխումներին, որ կառավարությունը պատրաստվում է իրականացնել:

Շնորհակալ եմ բոլորիդ կատարված աշխատանքի համար և հաջողություն եմ մաղթում կատարվելիք աշխատանքում»:

Վարչապետ Փաշինյանը Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ Մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը և Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մեժլում Երիցյանը:

Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը և Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս