Արդեն մի քանի օր է, ինչ հանդիսատեսը կարող է կինոթատրոններում դիտել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը։
Չնայած պաշտոնական պրեմիերան կայացել էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, սակայն սահմանափակ թվով հանդիսատես էր ֆիլմը դիտել։
Նոյեմբերի 3-ից «Ավրորայի լուսաբացը» պաշտոնապես էկրաններ է բարձրացել: Ուղիղ երկու շաբաթ ֆիլմը կլինի էկրաններին։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյան) պատմությունն է։ 14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ եւ անցնում անասելի արհավիրքներով։
Սակայն իր կամքի ուժի, խելամտության եւ անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, եւ 1917թ-ին, Զորավար Անդրանիկի եւ «Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։
Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլեւ զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմնական նպատակն է խոսել Հայոց Ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, միևնույն ժամանակ ներկայացնել մեր ազգի պատմության ամենածանր ու ցավոտ թեման հաղթական տեսակետից:
Հայ կինոյի պատմության մեջ առաջին հայկական լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, որի պատմողական կառուցվածքը անիմացիան է: Այն պատկերում է նկարագրվող իրադարձությունը, հաղորդում տրամադրությունը եւ շաղկապում դեպքերի հաջորդականությունը:
Ֆիլմի անիմացիոն մասը համատեղ իրականցրել են հայ եւ լիտվացի նկարիչ-անիմատորները։ Ֆիլմում օգտագործված է գերմանացի կոմպոզիտորի կողմից հենց ֆիլմի համար գրված երաժշտություն, որը կատարել են Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը եւ Պրագայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Ֆիլմը Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը եւ Պիտեր Լյախովը։ Պրոդյուսերներն են Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրաելյանը եւ Իննա Սահակյանը, կոմպոզիտորները Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը եւ Գարեգին Առաքելյանն են։
Ֆիլմը էկրաններին կլինի մինչեւ նոյեմբերի 17-ը։ ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ. դրա հիմքում ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվն է։
Լիդա Եղիազարյան