ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանավեճ ԲԴԽ նիստում. հիշել են «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Դատավորին վերագրվում է դատավարական ժամկետի խախտում, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման։ Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդության, դատական ակտն ուշացումով է կողմին տրամադրվել։
ԲԴԽ-ում մեկնարկել է միջնորդության քննության նպատակով հրավիրված նիստը։
Մինչ միջնորդության, ըստ էության, քննությանն անցնելը Կարեն Անդրեասյանը հայտնեց՝ ինքնաբացարկ հայտնելու մասին՝ նշելով, որ կարգապահական վարույթը հարուցվել է իր կողմից՝ արդարադատության նախարար լինելու ընթացքում։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց բավարարել միջնորդությունը։

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդություն ներկայացրեց՝ ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանին բացարկ հայտնելու մասին՝ արձանագրելով, որ Թումանյանցը եղել է արդարադատության նախարարի տեղակալ, առնչություն ունեցել սույն վարույթի հարուցմանը։ Նրա խոսքով՝ ադարադատության նախարարի տեղակալն ի պաշտոնե պետք է կիսի և պաշտպանի արդարադատության նախարարի դիրքորոշումները։ Բացի այդ, Թումանյանցը տարիներ շարունակ աշխատել է Կարեն Անդրեասյանի հետ ՄԻՊ գրասենյակում, «AM» փաստաբանական գրասենյակում, ապա՝ նախարարի տեղակալի պաշտոնում, հիմա էլ՝ Կարեն Անդրեասյանի հետ տեղափոխվել ԲԴԽ և, այս « կայուն սերտաճությունը» նկատի ունենալով, Սիրանուշ Սահակյանն ընդգծեց՝ Թումանյանցը չի կարող անաչառ լինել իր նախկին ընկեր, գործընկեր, նախկին ղեկավար Անդրեասյանի վարույթի հետ։

ԲԴԽ-ն որոշեց մերժել միջնորդությունը՝ արձանագրելով, որ Թումանյանցն այդ ընթացքում չի առնչվել վարույթին։ Դատավորի ներկայացուցիչը ևս մեկ բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ այս անգամ ԲԴԽ երեք գիտնական անդամներին՝ Դավիթ Խաչատուրյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ վերջիններս ԲԴԽ անդամ են ընտրվել ԱԺ-ի կողմից՝ իշխող քաղաքական ուժի կողմից, ընդդիմությունը չի մասակցել քվեարկությանը, հաշվի չեն առնվել պրոֆեսիոնալ գործոնները։

Սահակյանը հավելեց, որ ԲԴԽ գիտնական-անդամների թափուր տեղերն առաջացել են տարբեր արատավոր գործընթացների պայմաններում։ Ավելին, Սահակյանն ուշադրություն հրավիրեց ԲԴԽ անդամներ Անդրեասյանի և Թումանյանցի ընտրության հարցին՝ նշելով, որ, եթե ավելի հեղինակավոր գիտնական-անդամներ տեսնեին, գուցե՝ այլ կերպ լիներ, բայց բազմաթիվ հեղինակավոր-գիտնականներից առաջադրվել են իրենց թիմի թեկնածությունը, վերջիններս քաղաքական պաշտոնից անմիջապես տեղափոխվում են ԲԴԽ։
Սահակյանի խոսքով՝ կախյալության աստիճանը մեծանոմ է, անկախության երաշխիքները գնալով ավելի են փոքրանում։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգորի Մինասյանն էլ միջնորդությունը որակեց որպես քաղաքական հայտարարություն՝ նշելով, որ այն նման է «Հայաստան» դաշինքի վերջին հանրահավաքի հայտարարություններին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս