Այս տարի նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով, որ կանխատեսումներն ի սկզբանե ավելի վատ էին, բայց գարնանային տեղումները դրական ազդեցին Սևանի վրա:
«Այս տարի ոռոգման նպատակով օրենքով սահմանված կարգով 170 միլիոն խորանարդ մետրը չենք գերազանցել: Հուսանք, բնությունը բարեհաճ կգտնվի: Մենք փորձում ենք լուծումներ գտնել՝ Սևանի բնակավայրերի շուրջ կեղտաջրերի մաքրման կայաններ հիմնելու ուղղությամբ, որովհետև հենց այդ ջրերն են այդ թվում Սևանի ծաղկման պատճառ հանդիսանում»,-ասաց Սիմիդյանը:
Նա նշեց, որ այս տարի Սևանում սիգի քանակը ավելացել է, և այդ իսկ պատճառով երկրորդ քվոտան է տրամադրվել օրինական որսի համար:
«Սա մի գործընթաց է, որ դեռևս բացեր ունենալու է, բայց մենք հասնելու ենք նրան, որ Սևանից ապօրինի որսը բացառվի»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ 2022-ի համեմատ նախարարության բյուջեն 20.2 տոկոսով ավելացել է:
Անդրադառնալով այն հարցին, որ Հայանտառ ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորում է աշխատակիցներին ազատման դիմումներ գրել, նախարարն ասաց, որ մի աշխատակցուհի նամակ է հղել իրեն, որ ոչ օրինական ճանապարհով աշխատանքից մարդիկ են հեռացվում:
«Ես այդ նամակն ուղղեցի անտառային կոմիտեի ղեկավարին: Նամակը հասցեագրվել է գլխավոր դատախազին և նրանք իրավական գնահատական կտան»,-ասաց նախարարը:
Ամուլսարի 2023 թվականին շահագործման հնարավորության մասին հարցին ի պատասխան, Սիմիդյանն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված տեղեկատվություն չունի: