Բուհական ուղղությունների ցանկը մշակող խումբ կստեղծվի. այն կղեկավարի Արայիկ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետը նոր որոշում է կայացրել, որով պետք է ստեղծվի բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ: Այդ նույն հրամանով արդեն հաստատված է նաեւ աշխատանքային խմբի կազմը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի ղեկավարը մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը պետք է   Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով.

1) նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն.

2) նոր ձևավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների և նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն.

3) նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ.

4) ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն.

5) համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն.

6) բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն.

7) սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը:

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի փոխնախագահը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի օգնականը եւ այլք:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս