«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսից «Նիկոլ Փաշինյանը խաբել է» անվամբ շարք է սկսել, եւ ամեն օր օրաթերթի հերթական համարում ներկայացնում է վարչապետի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարություններն ու իրականություն՝ ապացուցելով, որ նա տարբեր առիթներով մանիպուլացնում եւ խաբում է քաղաքացիներին:
Ի լրացումն այս շարքի, արդեն ArmLur.am լրատվական կայքում կսկսենք մեկ այլ շարք եւ կներկայացնենք արդեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պաշտոնյաների կողմից տարբեր ժամանակներում ասված կեղծ հայտարարությունները, քանի որ նման գործելաոճ ամեն դեպքում միայ վարչապետը չէ, որ ունի: Նման գործելաոճով աչքի են ընկել ոչ միայն կոնկրետ անձինք, այլ նաեւ գերատեսչությունները՝ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աչքի է ընկել մանիպուլատիվ հայտարարություններով եւ կեղծիքով հատկապես կորոնավիրուս համավարակի բռնկման ժամանակ: Ամենավառ օրինակը նրա խոսքերն էին՝ ասված 2020 թվականի փետրվարի 27-ին, երբ նա հայտարարեց, թե կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ, եւ սա այն դեպքում, երբ արդեն այդ ժամանակ այդ հիվանդությունն աշխարհում խլել էր 2700-ից ավելի մարդու կյանք:
Հետագայում նրա մանիպուլատիվ հայտարարություններն ավելացել են: Արդեն 2021 թվականի ապրիլի 9-ին Սիվիլնեթի եթերում նախկին նախարարը նշել է. «Եվրոպական որևէ երկրում «AstraZeneca» պատվաստանյութի արգելք չկա, եւ ես զարմանում եմ, թե որտեղից են այդ բամբասանքները լցվում եթեր: Պարզապես եղել են որոշակի դեպքեր, երբ եղել է պացիենտի առողջական ժամանակագրական դեպք, և դա նախորդել է պատվաստումը: Դա բնորոշ է բոլոր պատվաստանյութերին»: Սակայն ԵՄ դեղանյութերի կարգավորիչ մարմինն ապրիլի 7-ին հրապարակել էր զեկույց, որը հենց վերաբերում էր «AstraZeneca» պատվաստանյութին եւ թրոմբոզի առաջացմանը:
«Հանձնաժողովը հիշեցնում է բժշկական անձնակազմերին և քաղաքացիներին, որոնք պատվաստվում են տեղյակ լինել պատվաստմանը հաջորդող 2 շաբաթների ընթացքում արյան մեջ ցածր քանակով թրոմբոցիտներով ուղեկցվող հազվադեպ հանդիպող թրոմբոզի առաջացման հավանականության մասին»:
Միեւնույն ժամանակ սուտ էին Փաշինյանի այն պնդումը, թե պատվաստանյութի արգելք եվրոպական երկրներում չկան: Իրականությունը բոլորովին այլ էր: Օրինակ, Նիդերլանդներում պատվաստանյութի այդ տեսակն արգելված էր բոլորի համար, Իտալիայում եւս այն հետագայում արգելվեց: Կորոնավիրուսի շրջանում «AstraZeneca»-ի օգտագործումը երիտասարդ քաղաքացիների շրջանում արգելվել էր Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում եւ Կանադայում:
Նաիրա Հովհաննիսյան