Երգչուհի Սոնե Սիլվերը երկար դադարից հետո հանդես է եկել նոր աշխատանքով: Երգչուհին այս անգամ համատեղ աշխատանք է ներկայացրել ազգությամբ սլովակ երաժիշտ Dee Pete -ի հետ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Սոնեն:
Սոնեի խոսքով՝ սլովակ երաժշտի հետ համագործակցության առաջարկությունը եղել է հենց նրա կողմից.«Առաջարկությունը համատեղ աշխատանք ներկայացնելու ստացել եմ հենց Dee Pete-ից, քանի որ նա հավանել էր իմ ձայնային տվյալները եւ ցանկություն էր հայտնել ինձ հետ համագործակցելու: Իրականում մեր համագործակցությունը շատ հեշտ է ստացվել, ինչի համար շատ ուրախ եմ: Երգի հետ կապված շատ դրական եւ գեղեցիկ արձագանքներ եմ լսել: Եթե հիշում եք, ես իմ երաժշտական կարիերան սկսել եմ անգլերեն երգերով, սակայն 2019 թվականից սկսեցի երգել նաեւ հայերեն: Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստսի համար կարեւոր է իր լսարանի արձագանքը»:
Երգչուհին մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին բավականին գերծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում. «Աշխատում եմ իմ սիրելի մասնագիտությամբ, դասավանդում եմ «Շառլ Ազնավուրի» արվեստի պետական քոլեջում, դրան զուգահեռ անում եմ նոր ձայնագրություններ, նկարահանումներ:Այս ամենին զուգահեռ իհարկե չեմ մոռանում նաեւ սպորտով զբաղվելու մասին»,-նշեց երգչուհին, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ աշխատում է մի քանի հետաքրքիր նախագծերի վրա եւ պատրաստվում է թողարկել նոր ալբոմ:
Իսկ, թե ինչ է սպասվում առաջիակայում, Սոնեն ասաց, որ այս պահին աշխատում է մի քանի հետաքրքիր նորությունների վրա, սպասվում են տարբեր համագործակցություններ, որոնց մասին փակագծեր բացել չի ցանկանում:
«Այնպես, որ կարծում եմ իմ հանդիստաեսին այնքան էլ շատ սպասեցնել չեմ տա»,-հավելեց նա:
Նշենք, որ ավելի վաղը Սոնեն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սիրելիներս մեծ ուրախությամբ ձեզ եմ ներկայացնում մեր նոր աշխատանքը ազգությամբ սլովակ տաղանդավոր երաժիշտ գործիքավորող Dee Pete -ի հետ:
Սիրով եմ ընդունել առաջարկը քանի որ deep house ժանրը իմ տարերքն է ու ես հավերժ երգելու եմ նաև այս ժանրում: Երգը թողարկվել է աշխարհահռչակ
Warner Music label-ին պատկանող, Power House label-ում»,-հայտնել է նա:
Սոնե Սիլվերի փոխանցմամբ՝ Երգը կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել արտասահմանյան լսարանի կողմից, ինչը մեծ ձեռբերում է նրա համար.«Ուզում եմ դուք եւս գնահատեք և գրեք ձեր կարծիքները»:
Լիդա Եղիազարյան