Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում կմասնակցի ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ըստ այդմ, ներդրվելու է ծառայության նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիր անվամբ, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի: Սակայն կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, թե Պաշտպանության նախարարության կողմից ներդրված նախկին ծրագիրը, որը շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում էր ենթադրում եւ ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում, ինչպես նաեւ ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում, չի արդարացրել իրեն:
Մասնավորապես, այդ ծրագրից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չի բավարարել ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաեւ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:
Եվ այսպիսով, առաջարկվում է ներդնել այլընտրանքային ծառայության նոր համակարգ:
մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան