Կառավարությունը լրատվամիջոցներին վերաբերող հերթական օրենսդրական փաթեթի վրա է աշխատում, ինչը տեղեկատվություն ստանալուն է վերաբերում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ գործադիրը «Պետական գաղտնիքի» մասին ու հարակից օրենքների փոփոխության շրջանակներում՝ մտադիր է խմբագրել նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի նախագիծն ու լրատվամիջոցներին մերժել տեղեկատվություն տրամադրել, եթե այն պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն է պարունակում:
Եթե նախկինում տեղեկատվության տրամադրումը մերժվում էր միայն այն դեպքում, եթե այն պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք էր պարունակում, ապա օրենքը խմբագրվելու դեպքում՝ լրագրողներին տեղեկություն տրամադրելը կմերժվի նաև, եթե այն «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն է պարունակի»:
Ինչ ասել է «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն», խորհրդարանի՝ դեռևս օրակարգում չընդգրկված նախագծում դրույթն այսպես է պարզաբանվում. «Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն` Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է 4 բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»:
Սա, կարելի է ենթադրել ու ասել, իշխանության՝ լրատվամիջոցների գործունեությանն ուղղված հերթական նախագիծն է, որով օրվա իշխանությունը, որն ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեծամասամբ հենց լրագրողներից է կազմված, կփորձի սահմանափակել տեղեկատվության տրամադրումն ու անցանկալի տեղեկատվության տրամադրումը մերժել՝ այն անվանելով «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»:
Այնպես չէ, թե պետական գերատեսչությունները խիստ պարտաճանաչ են տեղեկատվություն տրամադրելու հարցում (հատկապես կառավարությունը), օրենքի խմբագրմամբ, փաստորեն, էլ ավելի կսեղմվի լրագրողներին տեղեկատվություն տրամադրումը:
Հավելենք, որ հարցի հիմնական զեկուցողն Ազգային անվտանգության ծառայությունն է:
Սևակ Վարդումյան