ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

 

-Սոչիում տեղի ուենցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը համաձայնել է «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, ռուսական տարբերակին, այն է՝ Արցախի հարցը առժամանակ հետաձգելուն: Նախ՝ դա ի՞նչ է ենթադրում, եւ երկրորդ՝ այդ մասով ադրբեջանական կողմն ի՞նչ է ասում: Նրանք, կարծես թե, հարցի ձգձգման ջատագովը չեն:

-Նախ արձանագրենք, որ Փաշինայնը հայտարարել է՝ Հայաստանը համաձայն է «խաղաղության պայմանագրի», այսպես կոչված, ռուսական տարբերակին, դեմ չէ արեւմտյան տարբերակին, ու ընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկած 5 կետերը։ Ուստի Փաշինյանն, ըստ էության, ընդունելի է համարում այն ամենը, ինչ իրեն առաջարկում են։ Դառնալով պայմանագրի ռուսական տարբերակին, որի բովանդակությանը ծանոթ չենք, ու միայն խոսվում է որոշ դրույթների մասին՝ կապված Արցախի հետագա կարգավիճակի, ճակատագրի հետ, ինչին նաեւ օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անդրադարձավ, ապա ռուսական կողմն, ըստ էության, հարցի կարգավորման հետաձգման ճանապարհով է ցանկանում գնալ։ Եվ դա պարզ է, քանի որ Ռուսաստանը նպատակ ունի մնալ տարածաշրջանում, մասնավորապես՝ ռուս խաղաղապահները ցանկանում են երկարացնել իրենց մանդատն Արցախում, ու իրենց համար կարեւոր է հակամարտության գոյությունն առհասարակ։ Այսինքն՝ երբ նրանք նշում են, որ՝ եկեք կարգավիճակը երկարաձգենք, դա չի նշանակում, թե հարցը լուծվելու է՝ հօգուտ Հայաստանի։ Դա նշանակում է պահպանել եղած ստատուս-քվոն, ինչի միջոցով կարողանալու են տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանել։ Բայց իրավիճակն այնպիսին է, որ այդ տարբերակը մեր շահերից չի բխում։ Եվ դա այն պատճառով, քանի որ այս փուլում, երբ 44-օրյա պատերազմում պատվել ենք, իսկ Ադրբեջանը մաքսիմալիստական հավակնություններով է հանդես գալիս, խնդրի հանգուցալուծման ցանկացած տարբերակ մեզ համար շահավետ չի կարող լինել։ Անգամ հաղթանակ տարած ժամանակ չկարողացանք խնդրի լուծման մեզ շահավետ տարբերակ գտնել, ուր մնաց այժմ, երբ ամեն բան ավելի անհավանական է թվում, կարողանանք շահած դուրս գալ։ Ադրբեջանը, իհարկե, դեմ է Ռուսաստանի առաջարկած տարբերակին, քանզի խնդիրը փակված են համարում։ Եթե ուշադիր լինեք, այդ մասին Սոչիում օրերս տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Ալիեւը նորից հայտարարեց։ Բայց իրողությունն այլ է, ու թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը, թե՛ այլ երկրներ շեշտում են՝ խնդիրը շարունակում է մնալ։ Ադրբեջանը դիվանագիտական դաշտում լավագույն բանին որ հասնում է, այն է, որ կարողանում է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը դուրս բերել հայտարարություններից ու տեքստերից։ Բայց այն՝ Արցախը, կա, այնտեղ շարունակում են ապրել մեր հայրենակիցները, Արցախի անվտանգությունը շարունակում են ապահովել ռուս խաղաղապահներն, ու կարգավիճակի  հարցը մնում է առկախված։

-Սոչիից անմիջապես հետո Փաշինյանը Իրան մեկնեց: Իրանը Կապանում հյուպատոսարան է բացել: Թեհրանն ակնհայտորեն ակտիվանում է տարածաշրջանում: Ինչո՞ւ, ինչի՞ց է զգուշանում:

-Կարծում եմ՝ Իրանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարածաշրջանային բաղադրիչ ունի։ Իրանն առաջին հերթին անհանգստացած է Իսրայելի ներկայության աճից, ու եթե ուշադրություն դարձնենք, ապա կնկատենք՝ ադրբեջանական քարոզչադաշտում հաճախ է շեշտվում՝ Իսրայելի ներկայությունն իր պետության ներսում բացառապես քաղաքացիական բնույթ է կրում։ Իսրայելն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականում մեծաթիվ ներդրումներ է անում, ու այդ ամենն անհանգստացնում է Իրանին։ Բացի այդ, Թեհրանը դեմ է հայ-իրանական սահմանի նկատմամբ որեւէ ոտնձգության, որովհետեւ իր համար անվտանգության առումով դա բավական կարեւոր է, ինչի մասին իրանցիները բավական բաց տեքստով են խոսում։ Կարծում եմ՝ Իրանի վախերը կամ անհանգստությունները հասկանալի են՝ պայմանավորված տարածաշրջանում Իսրայելի ներկայության աճի գործոնով։

-Խոսվում է մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին: Ի՞նչ եք կարծում, իրատեսակա՞ն են այդ ժամկետները, ու ո՞ր տարբերակն ի վերջո ընդունելի կլինի:

-Ես ընդհանրապես անհեթեթ եմ համարում քննարկումը, թե «խաղաղության պայմանագրի» համար որ երկիրն է ավելի լավ տարբերակ առաջարկել, որովհետեւ այսօր լավ տարբերակ չկա։ Ինչ-որ դրույթների հարցով կան դրական կամ բացասական կողմեր, բայց, մեծ հաշվով, այսօր որեւէ մեկը չի կարող երաշխավորել «խաղաղության պայմանագրի» իրականացումը: Եթե այդքան ուժեղ լծակներ ունեն, ապա թող ստիպեն, որ Ադրբեջանն իր զորքերը մեր սուվերեն տարածքներից դուրս բերի, կանխեն հետագա ագրեսիաները։ Այսօր որեւէ երաշխավոր չկա, որ կարող է ասել՝ ես կզսպեմ Ադրբեջանին, ուստի կարծում եմ՝ այդ մասով խոսակցությունն անգամ իսկապես անհեթեթ է։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՊՆ-Ն ՊԱՏՎՈՎՃԱՐԸ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների երեկվա ավարտական միջոցառմանը զուգահեռ ցավալի իրականություն ունենք:

 

Ազգային ժողովում կազմակերպել էի հանդիպում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ։ Տղաները եղել են ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրի մասնակիցներ եւ մինչ ծրագրով նախատեսված ժամկետի ավարտը զոհվել են հայրենիքի համար մղված պայքարում։ Սակայն ՊՆ-ն չի տրամադրել ծրագրով նախատեսվող պատվովճարը. օրենքում բացակայում է համապատասխան կարգավորումը։ Կառավարության հետ գրագրության արդյունքում հասա նրան, որ ՊՆ-ի կողմից ՀՀ արդարադատության նախարարության քննարկմանը ներկայացվեց նախագիծ, որի անցումային դրույթները սահմանող 10-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվել է, որ մինչեւ սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված պատվովճարը հաշվարկվում է նաեւ մինչեւ սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելը ՀՀ ՊՆ-ի կողմից նշված վայրում եւ պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած եւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամներին, որոնք պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց ՀՀ կառավարության սահմանած ուղղությունների:

Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը ստացվելուց հետո օրենքի նախագիծը պետք է ներկայացվեր ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Ընդունելով մեր տղաների ծնողների արդարացի պահանջը՝ ՀՀ կառավարությունից պահանջում եմ առաջնահերթ կերպով անդրադառնալ բարձրացված հրատապ խնդրին:

44-օրյա պատերազմից անցել է 2 տարի, իսկ համապատասխան լուծում պահանջող այս հարցը եւս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ չի լուծել։

Հետեւողական եմ լինելու այս հարցում։ Պատերազմում զոհված տղաներին վերաբերելի բոլոր հարցերը առաջնահերթ են։ Եվս մեկ անգամ պահանջում եմ հրատապ քայլեր՝ օր առաջ հասնելու անհրաժեշտ լուծմանը»։

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշման համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նոյեմբերի 8-ից 10-ը Սեուլ՝ Կորայի Հանրապետություն կմեկնի:

Նա այնտեղ կմասնակցի «Ծերացման եւ ցածր ծնելիության վերաբերյալ 2022թ. գլոբալ սիմպոզիում»-ի աշխատանքներին: Նշենք, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

 

 

 

 

ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին, խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հաձնաժողովում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը կներկայացնի, որը ենթադրում է հավելավճար տրամադրել մարտական գործողությունների մասնակցած զինվորականներին:

Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի, դիվանագիտական աստիճան ունեցող անձանց հետ մեկտեղ օրենքի խմբագրմամբ հավելավճար կստանան նաեւ «մարտական խնդիրների իրականացրած, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները»:

 

 

 

 

ԳԱԶ՝ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ

Օրերս՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, պաշտոնական Երեւանն ու Թեհրանը երկուստեք հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները կրկնապատկվելու են։ Բավականին ոգեւորիչ այս հայտարարությունից հետո ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են ուրախացել՝ մտածելով, թե գազի սակագնի փոփոխություն կարող է տեղի ունենալ, այլ նաեւ իշխանավորները սա որպես դարի ձեռքբերում են ներկայացնում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, սակայն, որ գազի ավելացող ծավալները կապված են նոր գործարկվող ջրեմաէլեկտրակայանի հետ։ «2006 թվականի կնքված Հայաստան-Իրան գազի պայմանագրի համաձայն՝ մենք 1 խմ գազի դիմաց 3 կվ էլեկտրաէներգիա ենք վճարում։ Այս ծրագիրը իրականացնում էր «Երեւան ՋԷԿ»-ը միայն։ Այս տարի միացել է նաեւ «Ռենկո» ընկերության կառուցած նոր ՋԷԿ-ը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Տեղեկացանք նաեւ, որ ավելի շատ ներկրվող  բնական գազի դիմաց ավելի շատ ենք Իրանին էլեկտրաէներգիա տրամադրելու։ Ստացվում է, որ Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալիս ոչ թե քաղաքացիների սոցիալական վիճակը մեղմելու, այլ սոսկ նոր ՋԷԿ-ը գործարկելու համար։

 




Լրահոս