Հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Սոչիում եւ Թեհրանում: Նախ նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ապա նաեւ Թեհրանում հանդիպում ունեցել Իրանի նախագահի հետ:
Միջազգային մամուլում տարբեր հրապարակումներ կան այդ հանդիպումների վերաբերյալ: Նախ՝ «Թուրան»-ը գրում է, թե Մոսկվան չկարողացավ Երեւանին համոզել, որ կարող է հայերի համար ավելին անել, քան Արեւմուտքը: Ապա մեկնաբանը շարունակում է. «Փաշինյանի բարձրացրած ոչ մի հարցի Պուտինը դրական պատասխան չտվեց: Դա նշանակում է, որ կարգավորման այսպես կոչված «ռուսական տարբերակը» պարզապես միֆ է: Կարելի է վստահաբար ենթադրել, որ Փաշինյանի առաջարկած կետերը եռակողմ հայտարարության նախագծում էին, բայց դուրս են մնացել Իլհամ Ալիեւի պնդմամբ»:
Իսկ ռուսական «Կոմերսանտ»-ը գրում է, թե Պուտին-Փաշինյան եւ Պուտին-Ալիեւ երկկողմ հանդիպումներից հետո արդեն պարզ էր, որ ոչ միայն խաղաղության համաձայնագրի, այլեւ, օրինակ, սահմանազատման սկզբունքների շուրջ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռ ի վիճակի չեն պայմանավորվել: Ռուսական ԹպրՑվՌՍ ԽՈՉՍՈջՈ լրատվամիջոցը ծավալուն հոդված է հրապարակել «Պուտինն ու Ալիեւը չտրվեցին Փաշինյանի «սադրանքներին» Սոչիում» վերտառությամբ: Հոդվածի նախաբանում լրատվամիջոցը գրում է, որ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սոչիում բեկումնային չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերջնական կարգավորման հարցում: Բանակցությունների արդյունքում հրապարակվեցին բավականին հերթապահ դիվանագիտական ձեւակերպումներ, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, աջակցում է իրավիճակի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի, որ խաղաղ պայմանագիրը պետք է լինի երկու կողմերի փոխզիջման արդյունքը…
Սակայն ԹպրՑվՌՍ ԽՈՉՍՈջՈ-ին հայտնի են դարձել Սոչիի բանակցությունների որոշ մանրամասներ։ Լրատվամիջոցը գրում է. «Այսպիսով, մեր տեղեկություններով՝ հայկական կողմը ցանկացել է ամփոփիչ հայտարարության մեջ արտացոլել այն իրադարձությունները, որոնք հակասական գնահատականներ ունեն:
Նախ՝ Սոչիում Երեւանի շահերը ներկայացնող վարչապետի գլխավորած թիմը ձեռնամուխ եղավ վերջնական փաստաթղթի տեքստում ներառել 2021 թվականի մայիսին տեղի ունեցած իրադարձությունների գնահատականը։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսի 12-ին Սեւ լճի մոտ բախում էր տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ։ Այնուհետ Երեւանը պնդում էր, որ «ադրբեջանական զինուժը սահմանը ճշտելու պատրվակով փորձել է խորանալ Հայաստանի տարածք՝ օգտագործելով կեղծ քարտեզագրական նյութեր»։ Ապա նշվում է, թե անցյալ տարվա մայիսին Բաքուն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը խորհուրդ տվեց խուճապի չմատնվել, ընդունել Ադրբեջանի Զանգիլանի, Գուբադլիի, Լաչինի եւ Քալբաջարի շրջանների միջպետական սահմանի ռեժիմի իրողությունը, անհիմն կերպով չսրել իրավիճակը տարածաշրջանում եւ լուծել նման խնդիրները երկու կողմերի զինվորականների միջեւ քննարկման եւ փոխադարձ շփումների միջոցով։
«Անհասկանալի է մնում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որոշել հիմա վերհիշել այդ իրադարձությունները, այլեւ դրանց գնահատականը ներառել ամենաբարձր մակարդակով նախատեսվող փաստաթղթի տեքստում։ Ավելին, ամփոփիչ ասուլիսում Վլադիմիր Պուտինն ասաց, որ «գտնվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանազատման նախնական նախադրյալները»:
Ապա նշվում է, թե հայկական կողմն առաջարկել է հայտարարության տեքստում արտացոլել 2022 թվականի սեպտեմբերի կեսերի իրադարձությունները։
Հավելենք նաեւ, որ ԹպրՑվՌՍ ԽՈՉՍՈջՈ-ն հայտնի է որպես ադրբեջանամետ կայք, որն առավելապես հակահայկական քարոզչություն է իրականացնում Հարավային Կովկասում բնակվող ռուսախոս բնակիչների համար։ Հայաստանին վերաբերող հոդվածները հիմնականում քննադատական են։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՅՑ՝ ՄՈՍԿՎԱ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Նոյեմբերի 3-ին ԱԽ քարտուղարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը:
ԱՄՆ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ Է
Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը եւ երկու երկրների միջեւ բանակցություններին. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք հավատում ենք, որ ուղիղ երկխոսությունը հարցերը լուծելու եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է: Ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են այդ կայուն խաղաղությանը: Այսպիսով, մենք հաջորդ ամիսներին կշարունակենք ներգրավված լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ եւ գործընկերների հետ, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների միջոցով ընթացող բանակցություններին նպաստելու գործում»,- ասել է Փրայսը:
Հարցին, թե կարող են արդյոք լինել ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցներ կամ հանդիպումներ երկու երկրների ԱԳ նախարարների հետ, Փրայսը պատասխանել է. «Մենք կանենք այն, ինչը կհամարենք ամենաօգտակարը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատման համար»:
3-ՐԴ ՆԻՍՏԸ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին: Այս մասին իր սոցիալական ցանցում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թեհրան եւ բանակցություններ ունեցել նաեւ այնտեղ:
Փաշինյանը Սոչի էր մեկնել մեծաթիվ պատվիրակության հետ: Նրան ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ այլք: Ընդհանուր առմամբ պատվիրակությունը բաղկացած էր 17 հոգուց:
Ինչպես նշեցինք, Սոչիից անմիջապես հետո վարչապետը մեկնել է Իրան՝ Թեհրան: Ընդհանուր պատվիրակությունը բաղկացած է եղել 14 հոգուց եւ երկու ԶԼՄ ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ պատվիրակությունը նույնն է եղել, ինչ Սոչիում:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները տուգանվել են շուրջ 433 միլիոն ՀՀ դրամի չափով: Մասնավորապես, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով՝ պատասխանատվության միջոցներ են կիրառվել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող 3 ընկերությունների նկատմամբ, որոնք գովազդի միջոցով հասարակությանը փորձել են մոլորեցրել:
Մասնավորապես՝ պարզվել է, որ «Կաբարկո» ՍՊԸ-ն («Adjarabet») «Սլոթ Նինջա», «Վայրի Արեւմուտք», «5+1 Լայվ», «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն («Vbet») «ՀաջողԱկ», «ՀաջողՄիամսյԱկ», եւ «Դիջիթեյն» ՍՊԸ-ն («TotoGaming») «Քեշ-քեշ շահումներ», «Կոսմո Ռեյս» անվանումներով ակցիաների առնչությամբ իրականացված գովազդներում տեղեկատվությունը ներկայացրել են այն ձեւով, որն առաջացրել է թյուր տպավորություն, ակցիաների շրջանակներում գործել են մի շարք էական պայմաններ, որոնք կամ որոնց գոյության եւ հասանելիության աղբյուրի մասին տեղեկատվություն գովազդներում չի նշվել՝ դրանց վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալով, ինչպես նաեւ իրականացված գովազդները հակասել են օրենքին:
Արդյունքում` հանձնաժողովի մի քանի որոշումներով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի, «Դիջիթեյն» ՍՊԸ-ի եւ «Կաբարկո» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են համապատասխանաբար 168 503 335 ՀՀ դրամի, 62 424 401 ՀՀ դրամի եւ 202 147 342 ՀՀ դրամի չափով տուգանքներ։