ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ անցած տարվա ԱԺ միջադեպի գործով Քննչական կոմիտեում հարցաքննության են հրավիրվել եւ հարցաքննվել միջադեպի ականատես տարբեր լրատվամիջոցների լրագրողներ:

 

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի միջադեպի գործը ԱԱԾ-ն ուղարկել է Քննչական կոմիտե: Ինչպես հայտնի է, անցած տարի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք տեղի ունեցավ. «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը պատմել էր, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Դրան, ըստ Գեւորգյանի, մասնակցել են ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։

ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Քրեական գործը հարուցվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ: Ազգային անվտանգության ծառայությունը գնացել էր ԱԺ եւ հարցաքննել էր միջադեպի մասնակից պատգամավորներին, սակայն քրեական գործը 7 ամիս է, ինչ քննվում է ԱԱԾ-ում, եւ որեւէ մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան, իսկ հիմա էլ գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե:

Հավելենք, որ ԱԱԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին եւս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել էր որեւէ բացատրություն տալ:

Հավելենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաեւ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը եւ Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային, կան տուժածներ։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են MAN մակնիշի տուրիստական ավտոբուսը (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1962թ.) եւ Mercedes-Benz C մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1993թ.). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz C մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ սահմանազատել տարածքը:

 

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Վաղարշապատի քրեական հետախույզները հոկտեմբերի 28-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի բնակիչ աճեցնում է կանեփ եւ տանը պահում թմրանյութ:

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:

Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց կանեփի 55 բույս, հինգ պարկ` լցված ընդհանուր 17 կգ քաշով դեղնականաչավուն զանգվածով: Ալյումինե տարայով սերմերն էլ մոտ 1,8 գրամ էին: Տանտերը տնից ներկայացրեց նաեւ ապակյա տարա` ավելի քան 1 կգ դեղնականաչավուն զանգվածով:

Ըստ նրա՝ կանեփն ինքն էր ցանել ու մշակել, իսկ դեղնականաչավուն զանգվածը Մարիխուանա է:

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ

Նոյեմբերի 1-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ճամբարակ քաղաքում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում կրակոցներ են հնչել։ Նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություն էլ ստացվել է ոստիկանության Ճամբարակի բաժնում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված սննդի կետում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոմիկ Մ-ն, 48-ամյա Արա Ս-ն, 37-ամյա Մամիկոն Ղ-ն եւ 57-ամյա Գագիկ Հ-ն Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում իրենց համար հատկացված առանձին սենյակում ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից դեռեւս չպարզված հանգամանքներում եւ պարզված հրազենից կրակոցներ են արձակել։ Հայտնաբերվել է «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի կրակված փամփուշտի պարկուճ։ Դեպքի փաստով Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կրակողի ինքնությունը պարզելու, նրան եւ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Երեւանի Մուրացան 109 հասցեից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք:

Մենք տեղեկացանք, որ բերման ենթարկվածների թվում են եղել «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես «կաբելի տղա», որը շուտով պետք է դառնար «օրենքով գող»: Մենք տեղեկացանք, որ նրանց մոտից  հայտնաբերվել է 140 գ կոկային եւ երկու ատրճանակ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՎԹԱՐ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 08:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը:

Պարզվել է, որ Դավիթաշենի կամրջի հարեւանութամբ բախվել են Mazda 6 եւ Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետեւանքով Mazda-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կիսաօդային վիճակում հայտնվել Հրազդան գետի ափին՝ ծառերի վրա։

 

 

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության դեպքը: Վանաձոր քաղաքի բնակչի կողմից մոր դին հայտնաբերելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:05-ին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ տարեց կնոջ դին հայտնաբերել իր ննջարանի մահճակալին՝ աջ ձեռքի դաստակի կտրած-ծակած վնասվածքով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տարեց կնոջ հետ նույն բնակարանում բնակվող թոռը՝ ծնված 2004 թվականին. վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ, ձերբակալվել եւ հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի հանգամանքները: Նախաքննությունը շարունակվում է։

 




Լրահոս