ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐՆԵՐ ԿՏԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվել է «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Պատգամավորների քննարկմանն են ներկայացվել ՀՀ իշխանության, պետական եւ դատական մարմինների, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման համար նախատեսված ֆինանսական հատկացումները:

 

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2023թ. ՀՀ նախագահի աշխատակազմին նախատեսված է հատկացնել 1 մլրդ 686 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումից ավելի է մոտ 65 մլն դրամով:

ՀՀ Ազգային ժողովի համար նախատեսված հատկացումները 2023թ. կկազմեն 6 մլրդ 920 մլն դրամ՝ ընթացիկ տարվա 6 մլրդ 218 մլն դրամի դիմաց: Ֆինանսավորման ավելացումը պայմանավորված է  2023թ. հունվարի մեկից աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացմամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմին հաջորդ տարի կհատկացվի 19 մլրդ 895,8 մլն դրամ՝ ընթացիկ տարվա սպասվող 21 մլրդ 883,7 մլն դրամի դիմաց:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի հարցին ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ վարչապետի աշխատակազմին հատկացվելիք գումարի նվազումը պայմանավորված է որոշ հանգամանքներով: Մասնավորապես, կան ծրագրեր, որոնք 2023թ. կա՛մ չեն շարունակվելու, կա՛մ իրականացվելու են այլ մարմինների կողմից:

Սահմանադրական դատարանին կհատկացվի 879 մլն դրամ ֆինանսավորում՝ 2022 թ. 834,6 մլն դրամի դիմաց:

Բարձրագույն դատական խորհրդին կհատկացվի 16 մլրդ 668 մլն դրամ: Այս տարվա հատկացումը կկազմի 15 մլրդ 149 մլն դրամ:

Արդարադատության նախարարությանը նախատեսված է հատկացնել 26 մլրդ 35 մլն դրամի ֆինանսավորում՝ ընթացիկ տարվա սպասվող 21 մլրդ 510 մլն դրամի դիմաց:

Գլխավոր դատախազության գծով ֆինանսավորումը կկազմի 7 մլրդ 623 մլն դրամ, այս տարի ֆինանսավորման չափը կկազմի 7 մլրդ 86 մլն դրամ:

Պետական վերահսկողական ծառայության համար գալիք տարում նախատեսված է 1 մլրդ 400,8 մլն դրամ, ընթացիկ տարում` 764,7 մլն դրամ: Քննչական կոմիտեին 2023 թ. կտրվի 11 մլրդ 342 մլն դրամ՝ այս տարի սպասվող 9 մլրդ 755 մլն դրամի դիմաց:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը կկազմակերպի 753,5 դրամի շրջանակում: Ընթացիկ տարում այդ գումարը կկազմի 370 մլն դրամ:

Հակակոռուպցիոն կոմիտեին գալիք տարում կհատկացվի 2 մլրդ 441 մլն դրամ` ընթացիկ տարվա 1 մլրդ 14,6 մլն դրամի դիմաց:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կստանա 1 մլրդ 376,8 մլն դրամ. 2022 թ. սպասվում է, որ այդ թիվը կկազմի 1 մլրդ 312,2 մլն դրամ:

Նախարարը ներկայացրել է նաեւ 2021 թ. ֆինանսական հատկացումները:

 

 

 

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ ՀԱՆՎՈՒՄ Է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվական վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի N 395-Ն եւ 396-Ն հրամանները եւ հավելվածները:

 

Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. փետրվարին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով եւ լրացումներով: Նշված օրենսդրական փոփոխությամբ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման, տնօրենի ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի դադարեցման գործընթացների վերաբերյալ մի շարք բարեփոխումներ են ամրագրվել:

Ներկայում գործող կարգով պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել միայն վերապատրաստում անցած անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի եւ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Հանրային քննարկման դրված նախագծերի համաձայն՝ հավաստագրի ձեռք բերման համար վերապատրաստման պարտադիր պահանջը հանվել է: Նախատեսվում է փոփոխություն իրականացնել նաեւ քննության անցկացման գործընթացում՝ սահմանելով միայն թեստավորման փուլ. հարցազրույցի փուլը հանվել է: Արդյունքում պարզեցվել են հանձնաժողովի ձեւավորման պահանջները՝ խուսափելով ավելորդ ծանրաբեռնվածությունից եւ ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխումից:

Այս բարեփոխումների արդյունքում տնօրենի թեկնածուի համար հավաստագրման գործընթացն անհրաժեշտ է դառնում միայն առաջին անգամ դիմող հավակնորդների համար: Նախատեսվող մեկ այլ փոփոխությամբ՝ գործող տնօրենները զարգացման ծրագրի կատարողականի արդյունքով կարող են համարվել ատեստավորված, որը հիմք կհանդիսանա, որ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարաձգվի եւս 5 տարով:

Ընդունվելու դեպքում նոր կարգերն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարից: Շահագրգիռ կառույցներն ու անձինք նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 6-ը:

 

 

 

 

ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է

Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, 2021 թվականի նոյեմբերից մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար աշխատած, 2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու ընտրություններում հաղթած, «Զորավոր համայնք»  դաշինքի  ավագանու թեկնածուների ցանկի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ  2 ամիս ժամկետով կալանավորվել է։ Նա գտնվում է «Վանաձոր»  ՔԿՀ-ում։ Ս. Հովսեփյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա  հոկտեմբերի 1-7-ը, ի նշան բողոքի, հացադուլ էր հայտարարել։ Ս. Հովսեփյանը  մեղադրվում է Բերդ համայնքի  Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին քարոզչության հարկադրելու համար։ Ս. Հովսեփյանի պաշտպան, փաստաբան Գոռ Սաղոյանը հայտնեց, որ  անցած շաբաթ վերաքննիչ դատարանը մերժել է Ս. Հովսեփյանի խափանման միջոց կալանքի  վերաբերյալ  իր ներկայացրած վերաքննիչ բողոքը: Փաստաբանը հայտնեց, որ ինքը դեռ չի  ստացել դատարանի որոշումը, չգիտի, թե իրավական ինչ հիմնավորմամբ է վերաքննիչ դատարանը մերժել իր  բողոքը։ Գ. Սաղոյանը վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո կորոշի՝ այդ որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարան, թե ոչ։ Ս. Հովսեփյանի հետ  նույն մեղադրանքով կալանավորվել են   նաեւ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, «Զորավոր համայնք»  դաշինքի թեկնածուների ցանկի 36-րդ համար Հասմիկ Մելիքյանը եւ Ներքին  Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածուների ցանկի 44-րդ համար  Լեւոն Առաքելյանը։ Փաստաբան Գոռ Սաղոյանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել Հ. Մելիքյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, նրա խափանման միջոցը փոխվել է, Հ. Մելիքյանն ազատ է արձակվել, իսկ Լեւոն Առաքելյանի պաշտպանի՝ վերաքննիչ բողոքը մերժվել է, նա մնում է կալանքի տակ։

 

 

 

 

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է, որ Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը,  ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 11-րդ կետի պահանջներով եւ  հիմք ընդունելով  Տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների նախարարի՝ 2020թ. մարտի 26-ի  թիվ 02-Ն հրամանով հաստատված «Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման եւ արդյունքների ամփոփման կարգը», հոկտեմբերի 27-ին որոշել է մրցույթներ հայտարարել «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի, «Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Դիլիջան համայնքի տրանսպորտ եւ  լուսավորություն» ՀՈԱԿ-ի  տնօրենների  թափուր պաշտոնները զբաղեցելու համար։ Այդ մրցույթները կկայանան նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին եւ  2-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս