«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովի ընթացքում իր ելույթում համոզմունք հայտնեց՝ կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է: Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
«Կուսակցության անդամները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ: Սա արձանագրվել է 2015 թվականին կուսակցության հիմնադիր համագումարում, եւ սա ճշգրիտ այն է, ինչ տեղի է ունեցել 2015 թվականից հետո՝ մինչեւ 2018 թվականի ոչ բռնի, Թավշյա ժողովրդական հեղափոխությունը եւ դրանից հետո: Եվ այսօր է դրա արձանագրման ճիշտ պահը, որ, այո՛, մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրենք անցկացրել են 2 խորհրդարանական ընտրություններ եւ ՏԻՄ ընտրություններ:
Ուշագրավ է, որ նույն օրը տեղի են ունեցել ՔՊ վարչության ընտրություններ, որոնք հետո կասկածի տակ են դրվել հենց ՔՊ-ականների կողմից, տեղի է ունեցել վերահաշվարկ, ինչն էլ հանգեցրել է վարչության կազմի փոփոխության: Այսինքն՝ ստացվում է՝ Փաշինյանը խոսում է ընտրութունների կեղծման էջը փակելու մասին, սակայն հենց իր կուսակցության ներսում ընտրություններ են կեղծվում: Սա էլ նշանակում է, որ նրա հերթական խոսքերը կրկին իրականություն չդարձան. նա ստում էր:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում