Եվրախորհրդի կայքում արված հայտարարության մեջ նշվում է, որ «Արևելյան Միջերկրականում նավթի հետախուզման համար Թուրքիայի չարտոնված գործունեության պատճառով» սահմանված պատժամիջոցները երկարաձգվել են ևս մեկ տարով։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդի պաշտոնական կայքին:
ԵՄ խորհուրդը որոշել է պատժամիջոցները երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը:
ԵՄ պատժամիջոցները տարածվում են այն կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրա, որոնք ածխաջրածինների պաշարների որոնման չարտոնված աշխատանքներ են կատարել:
Ըստ պատժամիջոցների՝ նախատեսվում է տվյալ անձանց մուտքի արգելք ԵՄ երկրներ, և այդ երկրներում նրանց բանկային ակտիվների սառեցում:
2020 թվականի նոյեմբերի 11-ին Միությունը որոշել էր պատժամիջոցներ Թուրքիայի դեմ։
Որոշումը մեկ տարով երկարաձգվել էր նախորդ տարվա նոյեմբերի 11-ին։