Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Խաչփար գյուղի 37-ամյա մի բնակչի՝ իր վարած «ԲՄՎ X5»-ով, և Երևանի 36-ամյա մի բնակչի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ժամացույց, ոսկյա մատանի և ականջօղեր՝ գնապիտակներով ու բջջային հեռախոսներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նրանք նոյեմբերի 4-ի ժամը 14.00-ի սահմաններում փորձել էին գողությունն անել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ» մակնիշի մեքենայի սրահից և Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի եկեղեցու ավտոկայանատեղիում կայանված «ՎԱԶ-2115»-ի սրահից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Իսկ խուզարկությամբ հայտնաբերված ոսկյա զարդերը գողացել էին եկեղեցու ավտոկայանատեղիում կայանված «Մազդայի» սրահից:
Հանգամանքները պարզվում են:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը և գողոնը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: