«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոտ 10 օր առաջ տեղեկացել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը՝ Արմեն Մուրադյանը, նշանակվել է «Հայփոստի» տնօրենի ԺՊ Արայիկ Աբրահամյանի՝ լոգիստիկ գծով խորհրդական։ Նա նախկինում «Կոկա-կոլա» ընկերությունում առաքիչ է աշխատել, մեզ ասացին, որ նշանակվելու պահին արդեն երկար ամիսներ գործազուրկ է եղել: Ընդ որում, նշանակվելիս պարզվել է, որ ինչ-որ փաստեր կեղծվել են, բայց, այնուամենայնիվ, նշանակումը եղել է, եւ Մուրադյանը բարձր վարձատրվող ու քիչ աշխատանք պահանջող պաշտոնի է նշանակվել` իր կենսագրությանն ու կրթական ցենզին չհամապատասխանող:
Դիմել էինք «Հայփոստ»` մեկնաբանություն ստանալու: Հարցրել էինք՝ նման անուն-ազգանունով անձ ընդունվե՞լ է աշխատանքի եւ ի՞նչ պաշտոն է զբաղեցնում: Բայց «Հայփոստից» զլացան անգամ «այո-ոչ» ասել, պահանջեցին գրավոր հարցում, պատասխանն էլ ուղարկեցին նամակով:
Մի խոսքով, երկար ոդիսականից հետո ստացանք «բաղձալի» պատասխանը. «Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ հարցվող տվյալները հանդիսանում են աշխատակցի անձնական տվյալներ եւ չեն կարող տրամադրվել առանց աշխատակցի համաձայնության` «Անձնական տվյալների մասին» օրենքի… համաձայն: «Հայփոստ» ՓԲԸ-ն ապահովում է իր աշխատակիցներին վերաբերող գաղտնիությունը եւ երրորդ անձանց չի փոխանցում աշխատակիցներին առնչվող եւ պահպանման ենթակա տեղեկատվություն»: Նախ՝ մեր հարցը որեւէ անձնական տվյալ չէր պարունակում, մենք «Փոստի» աշխատակցի տան հասցեն չէինք հարցրել, եւ երկրորդ` պետական բարձր պաշտոնյայի միջնորդությունը եւ իր ազգականին աշխատանքի տեղավորելը չեն կարող գաղտնի տեղեկություն համարվել: Նույնն է, որ քննչական մարմինը հանցագործի թույլտվությամբ միայն քրեական գործ հարուցի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում