ՀԱՊԿ անդամները նախատեսում են ձևավորել հավաքական խաղաղապահ ուժեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի 21-րդ նիստը։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը և կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը։

ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերները և դրանց հակազդման միջոցները։ Սիդորովը նշել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների զեկույց ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Քննարկման արդյունքներով ՀԱՊԿ միացյալ շտաբին հանձնարարվել է ՀԱՊԿ անդամների պաշտպանական գերատեսչությունների հետ ձևավորել ուսումնամարզական բազաների և ուսումնական կենտրոնների ցանկը, որոնք կարող են զբաղվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորմամբ, պատրաստմամբ և համակարգմամբ։

Դիտարկվել են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պետական ռազմական ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպումը բարելավելու հեռանկարները:

Կոմիտեի հաջորդ առկա ձևաչափով նիստը կանցկացվի Բելառուսում 2023 թվականի առաջին կիսամյակում։




Լրահոս