Մհեր Գրիգորյանը Դումայի պատգամավորներին ներկայացրել է լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից, փոխվարչապետը ողջունել է հյուրերին և կարևորել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում նաև՝ օրենսդիր մարմինների համագործակցության շնորհիվ:

Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև համագործակցության երկկողմ օրակարգի արդիական հարցերը տնտեսության, մշակույթի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Գոհունակությամբ է ընդգծվել ընթացիկ տարում փոխադարձ առևտրի ուղղությամբ արձանագրված զգալի աճը:

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափով համագործակցությանը, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ու նախաձեռնությունների շուրջ:




Լրահոս