ԱԱԾ նախկին պետի տեղակալի դստեր գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս):

Որոշումը կայացվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա:

Որոշման մասին «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով նախատեսված կարգով իրազեկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, որից հետո դատավոր Ա.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք:

2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:

2022 թվականի նոյեմբերի 10-ին հսկող դատախազն իր որոշմամբ հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ ArmLur.amօրերս գրել էր, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դստերը քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել:

Նկատենք, որ Անի Հարությունյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինն է:




Լրահոս