Տեսչական ստուգումներ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում․ 22 տաքսու վարորդ լիցենզիա չի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները 2022թ․ նոյեմբերի 9-ին մշտադիտարկումներ են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ 22 տրանսպորտային միջոցների վարորդներ փոխադրումներն իրականացրել են առանց համապատասխան լիցենզիայի։

Մշտադիտարկվել են նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող կայանատեղիում և մուտքի շրջակայքում առանց «Տաքսի» տարբերանշանի փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները։

Տեսչական մարմնի մասնագետները տրանսպորտային միջոցների վարորդներին պարզաբանումներ, պարտադիր կատարման ցուցումներ են տվել տաքսամոտորային ուղևորափոխադրումները կարգավորող իրավական ակտերի (ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի, օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումների առանձնահատկությունների մասին կառավարության որոշումներ) վերաբերյալ։

Վարորդները պարտավորվել են իրենց գործունեությունն իրականացնել գործող օրենսդրության համաձայն։




Լրահոս