
Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ «ԱԽ քարտուղարը ներկայացրել է, մի կողմից, տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, մյուս կողմից՝ այդ ճանապարհին առկա անվտանգային մարտահրավերները: Զրուցակցներն երկուստեք կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունն առավել զարգացնելու նպատակադրության վերաբերյալ: