ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 127

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել:

«Համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ եւ փորձել լուծել այդ թեման, որովհետեւ դա կբերի անխուսափելի ճգնաժամի, եւ այստեղ է, որ ուրախ եմ. ես կարող եմ հիմա սա ասել: Հաջորդ խնդիրը, որի մասին հրապարակային ասել էի եւ հետահայաց եմ ուզում ասել՝ մենք նաեւ առաջարկեցինք, որ հենց Սոչիում՝ տեղում որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղապահների մանդատը երկարացնել անորոշ ժամանակով՝ 20 տարով, 15 տարով, 5 տարով եւ այլն», – նշել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց հարցը դարձավ օրակարգային: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նշում է, թե ինքը չի խոսում Արցախի կարգավիճակից, որովհետեւ ռուս գործընկերներն են առաջարկել ԼՂ կարգավիճակի թեման հետաձգել անորոշ ժամանակով, սակայն 2022 թվականի ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Միջազգային հանրությունն առաջարկում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»: Նախ նկատենք՝ այստեղ որեւէ խոսք չկար ռուսական կողմի մասին, մյուս կողմից էլ, երբ նա խոսում էր նշաձողն իջեցնելու մասին, չէր ասում, որ այն պատրաստվում են քննարկել ավելի ուշ: Ստացվում է՝ նա հերթական անգամ մանիպուլացնում է բանակցությունների եւ Ացախյան հակամարտության թեման եւս:

 

 

 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ  ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչու՞ եւ ի՞նչ հիմքով»: Եվ, ահա, նոյեմբերի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի անունից պատասխան, որում ասվում է. «Հայտնում եմ, որ Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից»: Միեւնույն ժամանակ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին՝ ՀՀ ՊՆ-ն մերժել է տրամադրել ԿԸՀ նախագահի որդիների՝ բանակից ազատման պատճառները: Անկախ պատճառներից՝ պետք է արձանագրենք, որ եթե Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր չլիներ,  դժվար թե նրան հաջողվեր որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ ոնց է լինում, որ պաշտոնյաների որդիներն են միայն հիվանդ կամ ուսման ծարավ լինում եւ այդ երկու հիմքերից մեկով ազատվում բանակից: Բայց դե հիմա Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ եւ իրերն ու երեւույթները այլ կերպ է մեկնաբանում: Հավելենք, որ ՔՊ-ականների շարքում շատ են բանակից ազատման դեպքերը, հատկապես՝ առողջական խնդիրների հիմնավորումներով:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների՝ խայտառակ կերպով կազմակերպված ընտրություններից հետո վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական եղած, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Արփի Դավոյանը ճնշումներ է գործադրել՝ ՀՀ  փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի միջոցով ազդելով մարզային իշխանությունների վրա: Կոնկրետ հրահանգ է եղել Նիկոլ Փաշինյանի անունից՝ ում ընտրել, ում ոչ մի դեպքում չընտրել: Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը եղել են սեւ ցուցակում: Ըստ մեր աղբյուրների՝ 20 ձայն վերցվել է Արսեն Թորոսյանի ձայներից եւ ավելացվել է Համբարձում Մաթեւոսյանի ձայներին, որպեսզի վերջինս ընտրվի վարչության անդամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ ներսում ընտրությունների բողոքարկման գործընթացը կորդինացրել է Արսեն Թորոսյանը, եւ կայացած վերահաշվարկից հետո հենց ինքը եւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը անցել են վարչության կազմ, իսկ Կոնջորյանն ու փոխվարչապետ Մաթեւոսյանը դուրս են մնացել ցուցակից: ՔՊ-ական կեղծիքների մասին դեռ էլի հրապարակումներ կունենանք:

 

 

 

Կոռուպցիան եւ կաշառակերությունը մերժող հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասը, որ նախկինում ոչ մի սեփականություն չի ունեցել, ավտոմեքենաների եւ տների սեփականատերեր են դարձել: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ կան, որ  նախկինում 100 դրամով երթուղայիններով էին երթեւեկում, հիմա ավտոմեքենաներ են վարում: Այս կարեւոր իրողությունը ինչո՞ւ է վրիպում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունից: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ չի վրիպել ոչինչ իրենց ուշադրությունից: «Այս պահին կոնկրետ Ազգային ժողովի պատգամավորների բիզնես ներգրավվածության մասով ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Արդյունքները մենք ինքներս ենք հրապարակելու, եւ կարող է վարույթներ լինեն»: Այսինքն՝ նշանակում է, որ կան պատգամավորներ, որոնք բիզնեսի մեջ են ներգրավված, սակայն թաքցրել են այն, ու առաջիկայում հետաքրքիր բացահայտումներ են սպասվում: ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ բացառիկ հարցազրույցը կներկայացնենք այսօր՝ Armlur.am լրատվական կայքում:

 

 




Լրահոս