ԱՇԽԱՐՀԸ՝ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

 

-Տիկի՛ն Թովմասյան, սեպտեմբերի 13-ից անցել է ավելին քան մեկ ամիս, բայց առ այս պահը հայկական կողմը չթաղված դիակներ ու անհետ կորածներ ունի։ Ադրբեջանը չի համաձայնում  վերադարձնել հայ զինծառայողների դիակները, եւ, հետեւաբար, ի՞նչ պետք է եւ կարող են անել պատկան մարմինները, որ հապաղում ու չեն անում։

-Նախ՝ ցանկանում եմ արձանագրել, որ, այո, մենք սեպտեմբերի ագրեսիվ հարձակումից հետո ունենք անթաղ դիակներ, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում՝ օկուպացված Ադրբեջանի կողմից: Մինչ այս պահը, ըստ պաշտոնական տեղեկատվությունների, ինչ-ինչ ջանքեր գործադրվում են՝ թույլ տալու, որ մեր զինծառայողները մոտենան եւ իրենց գուծընկերների դիերը տեղափոխեն, հողին հանձնեն, բայց այս առումով առայժմ դեռ տեղաշարժ չունենք: Ես կարծում եմ՝ միակ ու ամենաէական բանը, որ կարող էր անել գործող իշխանությունը, այն է, որ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ հումանիտար հարցերը չլուծվեն, նոր փաստաթղթեր չպետք է ստորագրի։ Նա առաջին հերթին պետք է հումանիտար խնդիրների կարգավորման պահանջ դներ Սոչիում՝ օրերս տեղի ունեցած հանդիպումից առաջ: Նույնիսկ պատերազմների ժամանակ հումանիտար դադարներ են արվում, երկուստեք դիերը փոխանակում, ապա նորից շարունակվում է պատերազմը։ Դիերի փոխանակման հարցը անլուծելի հարց չէ, հետեւաբար պետք է շատ արագ զբաղվել դրանցով։ Մինչեւ այս պահը մենք չգիտենք անգամ, թե Սոչիի հանդիպման ժամանակ Փաշինյանն Ադրբեջանի իր գործընկերոջը նման պահանջ առաջադրել է, թե ոչ։ Ավելին՝ ցանկանում եմ՝ արձանագրենք նաեւ, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո՝ առ այսօր, դեռ ունենք անհետ կորածներ, որոնց դիերի որոնումն այս տարվա հունվար ամսից առհասարակ դադարեցվել է: Հայաստանի Կարմիր խաչի գրասենյակի ղեկավարի հետ վերջին հանդիպման ժամանակ շոշափեցի այդ հարցը, ու նա ցավով արձանագրեց, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ իրենք գնան եւ Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնեն։

-Տիկի՛ն Թովմասյան, փաստացի թե՛ 44-օրյա պատերազմից, թե՛ սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմից հետո հայկական կողմն առ այսօր անհետ կորածներ, գերիներ, անհողաթումբ շիրիմներ ունի։ Այս ամենի մասին թե՛ Դուք, թե՛ Ձեր գործընկերները խոսում են, բարձրաձայնում են, ահազանգում եմ միջազգային հարթակներում կամ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Այդքանից հետո, սակայն, Ադրբեջանը շարունակում է մեծ-մեծ, հոխորտալից տոնով խոսել։

-Ըստ էության, այո, Ձեր կողմից նշված 2 պատերազմներից հետո՝ մինչեւ այսօր, կան թե՛ անթաղ դիակներ, որանք ուղղակի մնացել են հողի վրա, ու թե՛ գերիներ՝ պահվող Ադրբեջանի բանտերում։ Ցավալիորեն, Ադրբեջանի կողմից Արցախի եւ Հայաստանի օկուպացված տարածքներ նույնպես կան։ Դրանք բոլորը թեեւ ընդունում են, որ օկուպացվել են Բաքվի կողմից, բայց որեւէ մեկը գործնականորեն այնպիսի մի քայլ չի անում, որ Սդրբեջանը պատժվի ու ստիպված լինի իր զորքը հետ քաշել ՀՀ սուվերեն տարածքից: Իմ միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ (վերջինը՝ Կանադայում) բարձրաձայնել եմ այդ հարցը, որ՝ եթե դուք՝ բոլորդ, ընդունում եք, որ Ադրբեջանը ագրեսոր է եւ ներխուժել է, զավթել է Հայաստանի որոշ տարածքներ, ապա այդ դեպքում ինչո՞ւ գործնական քայլեր չեք իրականացնում Ադրբեջանին պատժելու համար. չէ՞ որ բոլորս տեսնում ենք, թե ինչպես է ամբողջ աշխարհը Ռուսաստանին պատժում Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար, եւ ամբողջ աշխարհն Ուկրաինայի կողքին է կանգնած: Ինչո՞ւ եք Ադրբեջանին ագրեսոր ճանաչում, բայց չեք պատժում թե՛ Ադրբեջանին, թե՛ Ալիեւին: Սա անարդար է, սա երկակի ստանդարտ է, եւ մենք պետք է հասնենք նրան, որ ամբողջ աշխարհը հասկանա, որ օր առաջ պետք է պատժվի Ադրբեջանը: Համենայնդեպս, ես իմ տեղում իմ ջանքերը գործադրում եմ եւ բոլորի մոտ բարձրաձայնում եմ այս խնդիրի մասին։ Հայաստանում ներկայացված դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ նույնպես շոշափում եմ այս հարցը՝ բոլորից ակնկալելով նույնպիսի արձագանք՝ պատիժ ագրեսորի եւ պատերազմական հանցագործի նկատմամբ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» գործող   օրենքում փոփոխություններ կարվեն: Այդ նախագին առաջարկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

 

Այսպիսով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական եւ սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը կբարձրացվի 2 տարով:

Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետը մինչեւ 10 տարով երկարաձգելու հնարավորությունը նախատեսել նաեւ ազգային անվտանգության մարմիններում բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:

Օրենքի 26-րդ հոդվածում՝ կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերում առաջարկվում է լրացնել նաեւ ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պաշտոնից ազատելու դեպքը: Միաժամանակ, կադրերի տրամադրության տակ ծառայողին թողնելու կարգը կսահմանվի ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի համար օրենքով կնախատեսվի համապատասխան լիազորող նորմ: Հստակեցվում են նաեւ պաշտոնից ազատելու հիմքերը:

28-րդ հոդվածում առաջարկվում է սահմանել սպաների եւ ենթասպաների պարտադիր ատեստավորման միեւնույն պարբերականություն՝ 5 տարին մեկ անգամ: Բացի այդ, նախատեսվում է սահմանել արտահերթ ատեստավորման անցկացման հնարավորություն՝ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ։

47-րդ հոդվածում հստակեցվում են ծառայությունից արձակելու հիմքերը, եւ որպես ծառայությունից արձակելու հիմք առաջակվում է նախատեսել նաեւ ծառայողի կողմից դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարելը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով պարտադիր անցկացվելու է ծառայողական քննություն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՔՊ-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ օրեր առաջ ընտրված կազմը փոփոխվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող կուսակցության վարչության անդամի ընտրության արդյունքները վերհաշվարկվել են, ինչից հետո պատկերը փոխվել է։ Մեր տեղեկութուններով՝ վերահաշվարկից հետո ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը դուրս են մնացել վարչության կազմից, քանի որ պատգամավոր Արսեն Թորոսյանի ու ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի ստացած քվեներն ավելի շատ են եղել, հետեւաբար նրանք էլ անցել են վարչություն։ Փաստորեն, իշխող քաղաքական թիմն անգամ սեփական կուսակցության վարչության ընտրությունները չի կարողանում կազմակերպել ու նմանօրինակ խայտառակ իրավիճակում է հայտնվում։

 

 

 

 

 

ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Չնայած Հայաստանի ճգնաժամային իրավիճակին՝ մայրաքաղաքում արդեն մեկնարկել է ամանորյա տրամադրությունը: ArmLur.am-ը տեսախցիկը ֆիքսել է գլխավոր տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները: Հիշեցնենք, որ տոնածառը Հանրապետության հրապարակում կտեղադրվի սովորականից ավելի վաղ։ Տեղեկությունը հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ որոշումն ուղղակի չի ընդունվել։ Մի կողմից՝ քաղաքային իշխանություններն իրականացնելու են մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագիծը, մյուս կողմից` Երեւանում անցկացվելու է 2022 թվականի «Մանկական Եվրատեսիլը»։ «Այս կապակցությամբ մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու. Ամանորին ընդառաջ՝ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,… ասված է հաղորդագրությունում։ Ավանդույթի համաձայն` տոնածառը Հանրապետության հրապարակում տեղադրվում է դեկտեմբերի 20-ից հետո։ Տոնածառերը տեղադրվում են նաեւ մայրաքաղաքի վարչական շրջաններում։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ հոբելյանական մրցույթը տեղի կունենա Երեւանում 2022 թվականի դեկտեմբերի 11-ին։

 

 

 

 

20 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՊՆ-ԻՆ

Նախագծերից մեկով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկում է վերաբաշխում կատարել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Որոշման նախագծով առաջարկվում է 20 մլն դրամի չափով գումար ուղղել Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Շենքերի եւ շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը:

Այսպիսով, շենքերի եւ շինությունների պայմանների բարելավման համար ՊՆ-ն ծրագրում է ծախսել 20 մլն դրամ: Այս որոշումը կհանգեցնի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի ավելացման՝ 16 մլն 704 հազար դրամի չափով:

 




Լրահոս