Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների եւ նրանց բարեկամների թվում շատ են այնպիսի անձինք, որոնք բանակում չեն ծառայել, այդուհանդերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ բանակում ծառայելը դրոշակ էր դարձրել: Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերի 28-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է բանակում, եւ այն էլ՝ Արցախում։ Նա նաեւ հավելել է. «Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել»: Սակայն, ինչպես հաճախ է պատահում, սա Փաշինյանի հերթական սուտ եւ մանիպուլացնող հայտարարություններից է եղել: Իսկ ո՞րն է իրականությունը. Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս։ Բանակում ծառայել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները՝ Սեդրակն ու Լեւոնը: Սերժ Սարգսյանը որդի չունի: Փաստորեն, անգամ բանակում ծառայելու թեման է ժամանակին շահարկվել Փաշինյանի կողմից, եւ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական համագումարի ժամանակ, երբ ՔՊ-ականները քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրել, կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, եւ հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթեւոսյանն ունենա: «ՔՊ-ական «լիդերների» հրահանգները տեղ հասել են, բայց, փաստորեն, խայտառակ ձեւով կազմակերպված, վատ հաշվարկված ընտրության վերահաշվարկից հետո պարզ է դարձել՝ Մաթեւոսյանին վարչության անդամություն ընգրկողները վատ են աշխատել: Այս պատմությունն իրականում մեծ աղմուկ է առաջացրել, ավելին՝ կուսակցության ներսում «մենամարտեր» են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում ՔՊ-ականներն այս թեմայի վերաբերյալ Փաշինյանի հետ քննարկում ունենան, ինչ-որ մարդկանցից հաշիվ պահանջեն»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ի՝ խայտառակ կերպով ձեւավորված վարչության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, ու վերահաշվարկից հետո Մաթեւոսյանն ու Կոնջորյանը վարչության անդամությունից դուրս են մնացել: Տեղեկությունն արդեն երեկ հենց իրենք՝ ՔՊ-ականները հաստատեցին: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Մաթեւոսյանի գլխին իրականում սեւ ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: Չի բացառվում՝ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա: Տեղեկության մասով, իհարկե, մենք փորձեցինք նաեւ պարոն փոխվարչապետի տեսակետը լսել, բայց նրա աշխատակազմից որեւէ մեկի հեռախոսահամարը մեր բազմաթիվ զանգերին այդպես էլ չարձագանքեց: Հետաքրքիր է, թե Մաթեւոսյանի աշխատակազմն ինչով է զբաղված, երբ տարրական հեռախոսազանգերին անգամ չի պատասխանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է վերլուծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամների՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաեւ 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը: Մեր տեղեկություններով՝ անգամ հանձնաժողովը սահմանել է ցանկը՝ ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ, ոստիկանության պետ, գլխավոր դատախազ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալներ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ եւ այսպես շարունակ: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող կառույցներ, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։ Եվ, ահա, այս նոր որոշումն էլ որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակում: Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ. ստուգվելու է կենցաղին առնչվող մանրամասներ, մեկ բառով ասած՝ նրանց տները, ունեցվածքը:
Մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծմամբ պայմանավորված։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից դադարեցվելու է ՀՀ կառավարության՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ներդնել կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդ։ Անգամ ընտրվել են միջազգային խորհրդատուներ, որոնք արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները, եւ առաջիկայում ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ կներկայացնեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ այս տարեվերջ կներդրվեն «խելացի» եւ «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգերը, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցող անձանց համար, այլ նաեւ մինչեւ նոր համակարգի ներդրումը էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցող անձանց համար կապահովեն հարմարավետ ծառայություն: