ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 129

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է: Այսպես, 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ պատերազմի հետեւանքով 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է, դրանից վեց ամիս անց՝ 2022թ փետրվարի 9-ին, Փաշինյանը կրկին ԱԺ-ում հրապարակեց նոր տվյալներ՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած։ Իսկ, ահա, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալները, հայտնել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհայտ կորած է համարվում: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է իրական տվյալները, իսկ անձամբ վարչապետը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

Երեկ խորհրդարանում ավարտվեցին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այս ամբողջ օրերի ընթացքում, երբ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդարանում էին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այնքան էլ ակտիվ չէին, եւ մատների վրա կարող ենք հաշվել այն պատգամավորներին, որոնք մասնակցել են բյուջեի քննարկումներին, ակտիվ եղել եւ հարցեր ուղղել: Թերեւս կարելի է մատնանշել ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Սերգեյ Բագրատյանին, որոնք ավանդաբար ակտիվ էին եւ գրեթե բոլոր զեկուցողներին հարցեր էին ուղղում: Երեկ, օրինակ, խորհրդարանում տեղի ունեցավ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Խորհրդարանում երեկ ՀՀ մարզպետներն էին, որոնք հերթով ներկայացրին բյուջեի նախագծերը, սակայն ավանդական ակտիվությունն առկա չէր, եւ մարզպետներից շատերին անգամ հարց տվող չկար: Ավելին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն առհասարակ նիստին չէին ներկայացել, եւ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի մտքով էլ չանցավ հետաքրքրվել, թե որն է նրանց՝ խորհրդարան չգալու պատճառը: Մինչդեռ ընդդիմադիր եղած ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն էր քննադատում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ ասելով, թե նա ավելի կարեւոր գործեր ուներ, քան խորհրդարան գալը: Որպես համեմատություն՝ ընդգծենք՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկվանից արձակուրդում է, սակայն մասնակցում էր բյուջեի քննարկմանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձում է հեղինակավոր դատավորների հետ հարաբերությունները կարգավորել ու, դեռ ավելին, նրանցից որոշների օգնությանն է դիմել: Քանի որ նախատեսված է հանդիպումների շարք ՀՀ բոլոր դատարանների դատավորների հետ, ԲԴԽ նախագահը մինչ այդ՝ պալատ-պալատ հանդիպումները դիմել է հեղինակավոր դատավորներին, որպեսզի նրանք կարգավորեն խնդիրը, եւ իր հետ հանդիպման ժամանակ դատավորները չհարձակվեն իր վրա, չճնշեն: Արդյունքում մի քանի դատավորներ ներքին կարգով իրավիճակը հարթել են, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քրեական ոլորտը քննող եւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների հետ հանդիպումը անցել է հանդարտ մթնոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանի հանդիպումներից նեղսրտած են մնացել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորները: Բանն այն է, որ Վճռաբեկի դատավորների հետ հանդիպմանը Անդրեասյանը դրական գնահատական է տվել քրեական պալատի գործունեությանը միգուցե այն պատճառով, որ արդարացնում են քաղաքական իշխանության հույսերը, իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների հետ հանդիպմանը ԲԴԽ նորանշանակ նախագահը «հաթաթա» է տվել եւ ակնարկել՝ կոռուպցիոն դրսեւորումներ կան, որոնցով պետք է զբաղվել:

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, քրեական ենթամշակույթ հարողների հետ բավականին սերտ կապերի մեջ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արվեստի ներկայացուցիչ պատգամավորը (նկարիչ է), մշակույթին զուգահեռ, նաեւ քրեական ենթամշակույթով է տարված ու թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում ուղիղ կապ է ստեղծում, ապահովում կապը քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ օրվա իշխանությունների միջեւ։ Մեզ հայտնի դարձավ, որ օրերս՝ Դանիելյանի հոր մահվան տարելիցի արարողությանը, ի թիվս մի շարք պաշտոնյաների ու տեղացի ուժայինների (Սյունիքի մարզպետն, ի դեպ, ներկա չի եղել), մասնակցելիս է եղել նաեւ Նորտուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկության ու քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած կապի մասին մեկնաբանություն ստանալու համար նաեւ պատգամավորի հետ կապ հաստատեցինք։ Նա, ըստ երեւույթին, չհերքեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Շատ մարդ է եկել հորս մեկ տարվա արարողությանը։ Մնացածը չեմ մեկնաբանում»։ Արվեստագետ պատգամավորը, փաստորեն, ոչ միայն լավ է նկարում, այլ նաեւ քրեական հեղինակությունների հետ է «տալիս-առնում», գուցե հարցեր փորձում լուծել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե քրեական ենթամշակույթի դեմ է պայքարելու, իսկ Սյունիքում 2018-ից՝ իշխանափոխությունից հետո, մարզպետ էր նշանակում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, որ մարզում «քրեական տարրերի ողնաշարը կորտրի»։ Իհարկե, վերջինս ոչ թե «կրիմինալի» դեմն առավ, այլ, սեփական դիմումի համաձայն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Փաշինյանի խոսքերը, փաստորեն, հատվածական են գործում, ու իշխանություններն այս հարցում եւս իրենց սրտի քրեական հեղինակություններն ունեն. մեկի նկատմամբ իրավական գործընթաց են սկսում, մյուսի հետ՝ գուցե նույն սեղանի շուրջը նստում։




Լրահոս