2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո՝ երկու տարի անց, պատերազմը, ցավոք, չի ավարտվել: Ապացույցը հակառակորդի կողմից անընդհատ հրահրվող սադրանքները, ռազմական գործողություններն ու վերջին՝ սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմն էր:
Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ միանշանակ որպես սեւի, սգի ու կորստի օր է մնալու եւ խաբկանքի ու հուսալքության խարանը հիշեցնելու 44 օր շարունակ «հաղթելու ենք»-ի հույսով ու բերկրանքով ապրող մեր հայրենակիցներին:
Ցավալի իրադարձությունից 2 տարի անց առաջին բանը, որ գալիս է յուրաքանչյուրիս մտքին, հետեւյալն է. իսկ ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ դասեր ենք քաղել պատերազմից կամ քաղե՞լ ենք արդյոք առհասարակ:
Մոտ երեսուն տարի համայն հայության ջանքերով կերտված ու ստեղծված Հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, մասնատվեց ու բզկտվեց մեկուկես ամսվա ընթացքում ընդամենը: Բացի 7 շրջաններից, Արցախը կորցրեց Հադրութն ու Շուշին, Արցախի անվտանգությունը ոչ թե հայերը, այլ ռուս խաղաղապահները սկսեցին ապահովել, ավելին՝ Հայաստանը վերջերս հայտարարեց, թե Արցախի անվտանգության առումով վաղուց է ձեռքերը լվացել ու մի կողմ քաշվել:
Տխրահռչակ հայտարարությունից երկու տարի անց ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Արցախի Հանրապետությունից մնացած փոքրիկ՝ մի բռաչափ հատվածը կարողանում են Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարության կարգավիճակով անգամ պատկերացնել: Հայտարարության կետերից մեկն էլ ռազմագերիների պարտադիր ու անհապաղ վերադարձին էր վերաբերում, բայց մինչ օրս Բաքվում 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված հայորդիներ են պահվում:
Աղետաբեր պատերազմի ավարտից երկու տարի անց հարցերի հարցը շարունակում է հետեւյալը մնալ. օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ… Բաց է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության օդը: Հարցը թերեւս անօդաչու թռչող սարքերի՝ սղոցող ու ամեն պահի պայթելու պատրաստ ձայնի նման օդում կախված է մնում առ այսօր:
Այսօր լրանում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով քննության երկու տարին, սակայն այդպես էլ չի բացահայտվել, թե ով կամ ովքեր նրան ծեծեցին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձինք ծեծի էին ենթարկել այն ժամանակվա խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին, որն այնուհետ տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Եվ չնայած այս դեպքից անցել է ուղիղ երկու տարի, սակայն այդ գործով նախկինում կալանավորված անձինք այժմ գտնվում են անազատության մեջ: Նրանց պաշտպանները դիմում են նախաքննական մարմնին, որպեսզի այդ մարդիկ արդարացվեն, քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն ԱԱԾ-ի կողմից չի արվում ոչինչ: Մյուս կողմից էլ երկու տարվա ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել եւ բացահայտել, թե ովքեր են այդ օրը ծեծի ենթարկել Միրզոյանին, եւ գործը մինչեւ օրս դատարան այդպես էլ չի ուղարկվել: Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան:
Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. ծանուցումների գործընթացը մեկնարկել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրում է անում պետական պաշտոնյաներին եւ պահանջում հայտնել, թե այս կամ այն գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն պաշտոնյաները: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։ Եվ, ահա, այս նոր որոշումը որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ: Կստուգվեն կենցաղին առնչվող մանրամասներ…Մեկ բառով ասած՝ պաշտոնյաների տները եւ ունեցվածքը խոշորացույցի տակ են։.
Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար ծախսել է 5 մլն դրամ գումար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնվել է չորստեղանի ճաշասեղան՝ աթոռներով։ Թվով 25 հատ սեղան է գնվել, միավորի արժեքը կազմել է 200 հազար դրամ։ Ազգային Ժողովի աշխատակազմը պայմանագիր կնքել է անհատ ձեռներեց Մանուկ Գալստյանի հետ։ Բացի այս, 6 մլն 940 հազար դրամ էլ Ազգային ժողովի աշխատակազմը ծախսել է շինարարական աշխատանքների համար։ Այսինքն՝ մոտ 7 մլն դրամ ծախսվել է ճաշարանի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Նշենք, որ մինչ այս՝ հոկտեմբերին, կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել էր որոշում՝ ԱԺ-ին թույլ տալով արտասահմանյան գործուղումների միջոցներից 31 մլն դրամով մեկ անձից գնում կատարել խորհրդարանի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար: Այդ որոշման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման եւ վերազինման աշխատանքներ՝ ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային եւ հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով եւ սպասքով: Հավելենք, որ այս պահին շինաշխատանքները դեռ շարունակվում են: