ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 131

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Ազգային ժողովի շենքի համար, եւ այդ նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են եւ պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները տարիներ հետո իրականություն չեն դառնում: Կհիշեք՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ հպարտ քաղաքացիների համար այսուհետ Հայաստանում փակ դռներ չպետք է լինեն, եւ նրանք կարող են խփել բացել անգամ կառավարության դուռն ու ներս մտնել, որովհետեւ ժողովուրդն է եկել իշխանության։ «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ: Երբ մենք բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք դա անում. մենք ասում էինք՝ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել, եւ Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու», – ասել էր Նիկոլ Փաշինյանը: Եվ իսկապես այդ նույն օրերին բացվեցին նաեւ Բաղրամյան 26-ի դռները, ու մարդիկ սկսեցին զբոսնել նախագահական նստավայրի տարածքում, սկսեցին մտնել խորհրդարանի բակ, սակայն այդ ամենը տեւեց ընդամենը մոտ տասը ամիս: Արդեն 2019 թվականի օգոստոս ամսին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները որոշել էին ակցիա անել խորհրդարանի մոտ, այդ օրը նրանց թույլ չտվեցին մտնել ԱԺ բակ, եւ արդեն պարզվեց, որ ԱԺ դարպասները փակ են: ԱԺ դարպասները հետագայում կոնկրետ ժամերով էին բացում, ապա միանգամից փակվեց, խստացվեց անգամ լրագրողների մուտքը, իսկ հիմա պարզվում է, որ լրացուցիչ անվտանգության աշխատանքներ են կատարվում: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ խոսելով ժողովրդավարության մասին, հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավար չունի: Նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 5-ին, ապա Ազգային ժողովի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հետո՝ նախագահ: Այդ օրվանից մինչեւ հիմա նախարարությունը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից: Սկզբնական շրջանում տեղեկություններ էին տարածվել, թե հենց Գրիգոր Մինասյանն էլ կնշանակվի նախարար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, կարծես թե, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ներսում իրավիճակ է փոխվել, եւ ղեկավար կազմի թվում կա հատված, որն այնքան էլ կողմ չէ, որ Գրիգոր Մինասյանը նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում՝ նրան համարելով նախկինների հետ կապ ունեցող: Մի մասն էլ հակված է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին տեսնել այդ պաշտոնում: Կուսակցության ներսում այս հարցում այլակարծություն եւ տարբեր տրամադրություններ կան. մի մասը փորձում է համոզել, որ Մինասյանն է լավագույն թեկնածուն, մի մասն էլ թե՝ Վարդանյանը: Ի վերջո, ինչպես կավարտվեն քննարկումները, եւ ինչ որոշում կկայացվի, դեռ վաղ է ասել, սակայն փաստ է՝ նախկին նախարարի հրաժարականից մինչեւ այժմ նոր նշանակում այդպես էլ չի կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ Արցախից Պաշտպանության բանակի գեներալներ են եկել Երեւան ու հանդիպել ուժային կառույցների ղելավարներին, քննարկել այն հարցը, որ Արզումանյանին պետք է բաց թողնել, արդար չէ, որ միայն նա է կալանքի տակ: Նշենք, որ քրեական վարույթով առերեսումների շարքը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ: Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տեւական դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան եւ բնականոն կերպով մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկելիք հերթական նստաշրջանի աշխատանքներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր խմբակցությունները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրները, երբ իսկապես օրհասական վիճակ է ստեղծվել: Ընդդիմադիրները որոշել են վերադառնալ եւ պայքարել նաեւ այդպես՝ զուգահեռ շարունակելով նաեւ բողոքի ակցիաները: Նկատենք, որ վերջին նստաշրջանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն մասնակցում էին նստաշրջանի աշխատանքներին քվեարկությունների տեսքով:

 

 




Լրահոս