Կանխարգելել՝ բուժելու փոխարեն․ գիտաժողովը համախմբել էր շուրջ 300 բժիշկների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բիլ Հայաստան» հասարակական կազմակերպության և Հայկական Բժշկական Ասոցիացիայի համատեղ ջանքերով նոյեմբերի 5-ին Երևանում անցկացվեց «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» ամենամյա գիտաժողովը, որի թեման էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ոչ վարակիչ հիվադությունների վարքագծային ռիսկի գործոնները։ Գիտաժողովի ընթացքում Հայաստանից և արտերկրից ժամանած 300 բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ խոսեցին հանրային առողջության վրա վատ սովորությունների ազդեցության, ինչպես նաև դրանց բացասական հետևանքների նվազեցման ուղիների մասին։

Գիտաժողովի խոսնակներից էր Վրաստանի Առողջապահության նախկին նախարար, առողջապահության քաղաքականության հարցերով փորձագետ Անդրեյ Ուրուշաձեն, ով խոսեց առողջապահության բարեփոխումների ռազմավարության իրականացման գործում բժիշկների դերի մասին։ Նա նաև շեշտեց որ, «առողջապահական համակարգերը պետք է այնպես կառուցվեն, որ ռեսուրսները հիմնականում ծախսվեն հիվանդության կանխարգելման վրա այլ ոչ թե հիվանդությունների բուժման։ Եվ հենց դրա հիման վրա պետք է փոխել դպրոցներում կրթական ծրագրերը, բժիշկների վերապատրաստումները, առողջապահության ոլորտում պետական քաղաքականությունը»։

Գիտաժողովին ելույթ ունեցավ նաև Հանրային Առողջության Համաշխարհային Ցանց-ի (Global Public Health network) ներկայացուցիչ Կասիա Կովալչիկը, ով խոսեց կազմակերպության առաքելության, ինչպես նաև հանրային առողջության վրա վատ սովոչությունների ազդեցության նվազեցման ուղիների մասին։ «Հանրային Առողջության Համաշխարհային Ցանց-ը Լեհաստանում հիմնված կազմակերպություն է, որն աջակցում է ամբողջ աշխարհում համայնքների կյանքի և առողջության որակի բարելավմանը։ Դա անելու համար մենք իրականացնում ենք մի շարք ծրագրեր, օրինակ՝ վերջերս Վնասի Նվազեցման Եվրոպական Ասոցիացիայի հետ համատեղ ստեղծեցինք թվային դասընթաց այն մասնագետների համար որոնք աշխատում են կախվածություն ունեցող, ՄԻԱՎ-ից տառապող մարդկանց հետ։ Մենք նաև ունենք ամենամյա միջոցառում՝ City Health International Conference-ը, որն ացնկացվել է 2012թ․-ից։ Յուրաքանչյուր տարի այն կազմակերպվում է տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում, Լեհաստանում և այլն։ Այս Միջոցառան նպատակն է կապ ստեղծել գիտական, առողջապահական, քաղաքական գործիչների միջև և միգուցե համագործակցության հիմքեր դնել։ Մեր գործողությունների հիմնական շրջանակը վնասի նվազեցումն է, մենք կենտրոնանում ենք վնասի նվազեցման գիտականորեն հիմնավորված մոտեցման վրա։ Վնասի նվազեցումը ռիսկերի մեղմացման ճանապարհ է, որը նշանակում է՝ բարելավել մարդկանց առողջությունը», ասաց Կասիա Կովալչիկը։

Գիտաժողովին մասնակից, Վնասի Նվազեցման ու Առողջապահության Միջազգային Ֆեդերացիայի անդամ, պրոֆեսոր Միհաի Չիոատան, ում կարծիքով վնասակար սովորությունների հետ պայքարելու համար շատ կարևոր է հասկանալ դրանց առաջացման պատճառը։ «Որքան շատ է սթրեսը, այնքան մեծ է ծխելու, ալկոհոլ օգտագործելու հավանականությունը։ Հաճախ մենք ուղղակի ասում ենք՝ «Մի՛ ծխիր, մի՛ օգտագործիր ալկոհոլ»` մոռանալով իմանալ այս ամենի պատճառը։ Հարկավոր է ուսումնասիրել խնդրի արմատներն ու առաջին հերթին դրանց լուծում տալ: Միաժամանակ՝ պետք է հասկանալ, որ վատ սովորություններից հրաժարվելը հեշտ գործընթաց չէ, դա տեղի է ունենում աստիճանաբար, և կան մարդիկ, որոնց դա ընդհանրապես չի հաջողվում։ Այս դեպքում, մասնագետներն ու բուժաշխատողները պետք է տեղեկացված լինեն այլընտրանքային, ավելի քիչ վնասակար արտադրատեսակների մասին, որպեսզի կարողանան մարդկանց տեղեկացնել և օգնել կատարել ճիշտ ընտրություն», – նշեց պրոֆեսոր Չիոատան։




Լրահոս