Նոյեմբերի 9-ին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմը: Ռեժիսորի խոսքով` ֆիլմը հայրենիքի, սիրո, կորստի, արժանապատվության, խենթերի ու բոլորի մասին է:
-Պարո՛ն Մկրտչյան, «Իշխանություն 2» ֆիլմի պրեմիերայից մեկ օր անց մեծ աժիոտաժ սկսվեց հանրության շրջանում, անգամ մի քանի քաղաքացիներ երեկ փորձեցին բողոքի ակցիա իրականացրել ընդդեմ ֆիլմի: Ինչպե՞ս եք վերաբերվում կամ արձագանքում այս ակցիաներին:
-Դուք իրավացի եք` մի քանի քաղաքացիների կողմից: Վերաբերմունքս դրական է, ֆիլմի համար դա գովազդ է:
-Ի՞նչ եք կարծում, այս մարդիկ հատուկ ուղղորդողներ ունեն, ինչ-որ մեկի կողմի՞ց են ուղարկվել:
-Ես դրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ:
-Ի՞նչ սպառնալիքներ, վտանգներ եք տեսնում Ձեր անձի նկատմամբ, ինչպես նաեւ դերասանական անձնակազմի հետ կապված:
-Ես շարունակում եմ ապրել իմ ամենօրյա կյանքով, դերասանները նույնպես:
-Ձեր ֆիլմը շատերը հարցականի տակ են դնում այն առումով, որ այն նկարահանվել է հատուկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լուսավոր քողի տակ ներկայացնելու համար: Ունեցե՞լ եք նման հատուկ միտում:
-Անիմաստ եմ համարում պատասխանել այս հարցին:
-Ո՞ւմ ֆինանսավորմամբ է նկարահանվել ֆիլմը:
-Իմ:
-Ինչո՞ւ որոշեցիք ֆիլմի երկրորդ մաս նկարահանել:
-Որովհետեւ պատմությունը անավարտ էր: Նրա մասին էր` ինչ է եղել: Ինձ նույնքան կարևոր է` ինչ է լինելու:
-Պարո՛ն Մկրտչյան, շատերի կարծիքով «Իշխանություն 2» ֆիլմն ունի անորոշ ավարտ: Արդյոք շարունակություն կլինի՞:
-Ինձ համար այս պատմությունը ավարտվել է:
-Եվ վերջում, ի՞նչ արձագանքներ եք լսել ֆիլմի պրեմիերայից հետո:
–Ֆիլմի մասին խոսում են, դա ամենակարեւորն է: Վատ է երբ պրեմիերան անցնում է աննկատ:
Ի դեպ, նշենք, որ ֆիլմում նկարահանվել են՝ Անի Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Լեւս Դավթյանը, Սիրանուշ Լազյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմինե Անդրեասյանը եւ այլոք:
Հիշեցնենք, որ «Իշխանություն» ֆիլմի առաջին մասը մեծ էկրան բարձրացավ 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում: Ֆիլմը հեղափոխության, դրա քաղաքական հետևանքների ու պատերազմի ավերածությունների մասին է:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը