Արցախում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 46,5 միլիարդ դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1 տոկոսով:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ նշելով, որ հետպատերազմյան ժամանակահատվածում շինարարության ոլորտում շարունակական աճ է արձանագրվել:
«Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ ամենամեծ մասնաբաժինը պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունն է կազմում՝ 51,3 տոկոս, մարդասիրական օգնության միջոցներով՝ 24,4 տոկոսը, իսկ 20,3 տոկոսը՝ կազմակերպությունների»,-հայտնեց Մանուշ Մինասյանը:
Նա հավելեց, որ շինարարության ծավալում գերակշռում է բնակարանաշինությունը՝ կազմելով մոտ 45 տոկոս, փոխադրումների և պահեստային տնտեսության մասնաբաժինը շուրջ 21 տոկոս է, իսկ հանքագործությանը՝ 15,5 տոկոս: