ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ Է ՄԻԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերություններ հաստատելու եւ հաշտության գնալու մասին սկսեց խոսվել, հղում է արվում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Պրահայում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որում ասվում էր. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում մինչեւ հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը եւ իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, եւ այսօր միջազգայնորեն ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին:

Հայաստանն ամեն դեպքում այս հռչակագրին միացել է վերապահումներով. 1992 թվականի փետրվարի 18-ին կայացվել է ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի (ՌԽՖՍՀ) եւ Ուկրաինայի ստորագրած Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին։ Ընդհանուր առմամբ ներկայացված է եղել տասը վերապահում: Դրանցից մեկով, օրինակ, ԳԽ-ն առաջարկել է վերաշարադրել համաձայնագրի 5-րդ հոդվածը, որում նշվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը»։

ԳԽ-ն առաջարկել է այն շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»։

Իսկ համաձայնագրի 13-րդ հոդվածում նշվում է, որ այն «բաց է ԽՍՀՄ անդամ բոլոր պետությունների առջեւ», ԳԽ-ն առաջարկել է լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե:

Նկատենք՝ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել ավելի վաղ, քան ընդունվել է այս հռչակագիրը, այսինքն՝ հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր:

Հավելենք, որ ԱՊՀ-ին, բացի Բելառուսից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից, միացել են եւս 8 հանրապետություններ, որոնք են Ադրբեջանը (1993 թվականի սեպտեմբերի 24), Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։ Վրաստանը ԱՊՀ-ին միացել է 1993 թվականի դեկտեմբերին։ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա եւ Էստոնիա) հրաժարվել են ստորագրել ինչպես Ալմա Աթայի, այնպես էլ Բելովեժյան համաձայնագիրը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին, որը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին:

Արին Կարապետը նախ իր տպավորություններով է կիսվել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովից եւ գոհունակությամբ ընդգծել աշխատանքների, տեղի ունեցող քննարկումների արդյունավետ անցկացման փաստը: Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը կարեւորել է տարբեր երկրների խորհրդարանների հայ պատգամավորների միջեւ մշտական կապերի ստեղծումն ու ամրապնդումը, ինչը կնպաստի արտերկրում հայանպաստ գործունեությանը:

Կարեւորվել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ակտիվ գործունեությունը, երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության կազմակերպմանն ուղղված քայլերի իրականացումը: Քննարկվել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն ամենամյա դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

 

 

 

ՎՏԱՆԳԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը պատրաստ է եւ համաձայնեցվում է։ Հինգշաբթի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սեմերիկովն ընդգծել է, որ աշխարհակարգի վերափոխման ներկա շրջանը դարձել է միավորման պետությունների համար կայունության ամենալուրջ փորձությունը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքը Կիեւին դրդում է հակամարտության սրմանը՝ չնայած ուկրաինական կողմի բոլոր կորուստներին, սակայն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության այլ օջախները նույնպես աջակցություն են ստանում։

Այսպիսով, պահպանվում է  Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ էսկալացիայի եւ դիմակայության վտանգը. նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑ

«Ինչի համար պայքարում էինք, արդյունք տվեց»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը՝ անդրադառնալով՝ բուհերի միավորման նախագծին:

«Վստահ եմ, որ նոր գործընթացների սկսման դեպքում անպայման մեզ կներառեն, որպեսզի մենք մեր դիտարկումները ներկայացնենք: Մենք ոչ թե դեմ ենք միավորման գաղափարին, այլ դեմ ենք, որ մեր բուհը դիտարկվի միայն ուսուցիչ պատրաստող բուհ: Մենք սպասարկում ենք սպորտը եւ դրան վերաբերող առարկաները: Մենք  դեմ ենք, որ որեւիցե բուհի միանանք. խնդիրը Բրյուսովն ու Մանկավարժականը չէ: Մենք ներոլորտային բուհ ենք եւ մեզ ուրիշ բուհի մեջ չենք տեսնում»,-ասաց ռեկտորը: Խիթարյանի խոսքով՝ ԿԳՄՍ Նախարարի հետ հանդիպմանը հնչեցրել է իր դիտարկումները եւ հուսով է, որ դրանք կներառվեն առաջիկա քննարկումների մեջ:

«Հույսով եմ, որ մեր դիտարկումները հաշվի կառնվեն, եւ մեր բուհի կրթական ծրագրերը ամբողջությամբ կպահպանվեն, ինչը մեզ համար կարեւոր է. մնացածն ընթացքում կերեւա»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հաստատել է, որ իսկապես կա Բրյուսովի անվան համալսարանը, Մանկավարժական համալսարանը եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու Կառավարության որոշման նախագիծ, ինչից հետո մոտ երկու շաբաթ Բրյուսովի ուսանողները բողոքի ակցիա էին իրականացնում վերոնշյալ նախագծին:

 

 

 

ԿԼԻՆԵՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է»,- հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է, եւ, միեւնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում: Այնուամենայնիվ, այս հայտարարություններին զուգահեռ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, առաջին հերթին՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում, բայց նաեւ այդ մակարդակից դուրս՝ մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ»,- ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը հայտնեց, որ խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման, ինչպես նաեւ երրորդ երկրների քաղաքացների համար սահմանի բացման վերաբերյալ:

«Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է: Եվ կարող եմ ասել նաեւ, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- եզրափակեց Միրզոյանը:

 




Լրահոս