13 ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա՝ նոյեմբերի 3-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 62 մլն դրամ գումարի չափով, ինչպես նաեւ մոտ 140 մլն դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

 

Վերաբաշխումն իրականացվում է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության, ՀՀ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի եւ ՀՀ Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքերի կառուցման ավարտական աշխատանքների, ինչպես նաեւ Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման համար:

ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված թվով 13 բնակավայրերի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացրել է համապատասխան գումար: Սկզբնական փուլում վերլուծությունների արդյունքում նախատեսվել է 13 կրթահամալիրից 5-ի համար կառուցել նոր շենք, որոնցից 3-ի համար՝ մոդուլային, իսկ մյուս 8-ի համար պետք է վերակառուցվեին դպրոցների առկա շենքերը:

Վերակառուցվող դպրոցներ

«Աճանանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Օխտարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Արծվանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Գեղանուշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Եղեգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Ծավի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Ճակատենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Կառուցվող դպրոցներ

«Ներքին Հանդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Շիկահողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Կառուցվող մոդուլային դպրոցներ

«Վերին Խոտանանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Դավիթ Բեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Եղվարդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ կրթական բարեփոխումների շրջանակներում կրթական գործընթացների կազմակերպման մասով այլեւս ձեւավորվել է նոր մոտեցում, եւ նախկինում գործող բազմահամակազմ դասարանների նախատեսման սկզբունքը՝ 2 կամ 3 դասարանները մեկ դասարանում համակցելու մոտեցումը, այլեւս ընդունելի չէ։

«Նոր մոտեցմամբ, անկախ աշակարտների թվաքանակից, նոր կրթական կենտրոնները, ինչպես նաեւ հետագայում նախատեսվող դպրոցները պետք է նվազագույնն ունենան հետեւյալ կազմը.

առնվազն 12 դասարան, 1 նախնական զինվորական պատրաստության դասասենյակ, /1 արհեստագործական սենյակ/, 1 կենսաբանության եւ քիմիայի դասասենյակ-լաբորատորիա, 1 ֆիզիկայի եւ աշխարհագրության դասասենյակ-լաբորատորիա, 1 հանդիսությունների դահլիճ, կերպարվեստի դասերի անցկացման վայր, սպորտային դահլիճ, 1 ռեսուրսային (ինֆորմատիկա, տեխնոլոգիաներ) կենտրոն, որը կգործի նաեւ որպես գրադարան, խոհանոց՝ նախատեսված դպրոցական եւ նախադպրոցական տարիքի սովորողների սննդի պատրաստման համար՝ 2 առանձին ճաշասենյակներով, ընդարձակ ուսուցչանոց, 1 տնօրենի սենյակ, 1 փոքր խոհանոց, 1 պահակակետ, 1 տեխնիկական սենյակ, 1 մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման եւ առաջին բժշկական օգնության  տրամադրման սենյակ:

Մասնավորապես՝ նախատեսվում է դասասենյակները տրոհել մինչեւ 12 աշակերտ/տեղ, նախագծի երկրորդ հարկը փոքր ինչ ընդլայնել, ինչը կապահովի 2 լրացուցիչ դասասենյակների տեղակայումը, ինչպես նաեւ նախատեսվում է նույն ճարտարապետական լուծումներով կցակառույց, որտեղ նախատեսվում է տեղակայել 2-4 խմբանի  նախադպրոցական բլոկ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ 10 կրթահամալիրներում այս պահանջներին համապատասխանող փոփոխությունների փոխարեն նախատեսվում է կիրառել նոր տրամաբանությամբ միայն մոդուլային կրթահամալիրների համար լրամշակված նախագծի տեղակապում հետեւյալ բնակավայրերի կրթահամալիրների համար՝ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Ծավ, Եղեգ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող:

«Այս բոլոր բնակվայրերում պետք է լինեն նոր մոդուլային դպրոցներ: Այս դպրոցները լինելու են նաեւ համայնքային մշակութային կենտրոններ: Այսպիսով բոլոր 13 բնակավայրերում կկառուցվեն միայն մոդուլային կրթահամալիրներ:

Նախագծով նախատեսվում է նաեւ միջոցներ հատկացնել ՀՀ Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցի եւ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցման ավարտական աշխատանքների համար: Դպրոցների կառուցումը մեկնարկել է 2020թ.-ին եւ նախատեսվում է ավարտել այս տարի:

Նախագծով գումար է հատկացվում նաեւ Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման համար»,- ընդգծեց Դումանյանը:

 

 

 

 

ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը նոր շարադրմամբ հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2021 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքի  փոփոխությունները, որոնցով հանրակրթության ոլորտի 4 հիմնական ուղղություններով վերանայվել են համապատասխան մեխանիզմներն ու մոտեցումները, այն է՝ նոր բովանդակություն 12-ամյա կրթությանը, համընդհանուր ներառականություն, դասավանդողների մասնագիտական զարգացում եւ դպրոցական կառավարման բարելավված համակարգ: Հաստատությունների կառավարման համակարգի բարելավման գործընթացի շրջանակում, մասնավորապես, գործադիր երկու մարմինների գործառույթները տարանջատվել են:

Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կարգավորումներ տալ տնօրենի եւ վարչատնտեսական համակարգողի գործառույթները սահմանող դրույթներում, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, կանոնադրության որոշ դրույթներում կատարել հստակեցումներ: ՊՈԱԿ-ների կանոնադրության ներկայացվող նախագծով հաստատությունների կառավարման համակարգի գործընթացում առավել ճկուն եւ արդիական մոտեցումներ են ներդրվում: Կիրառելով նոր գործիքակազմեր՝ երկու գործադիր մարմիններին հնարավորություն է ընձեռվում իրենց լիազորությունների շրջանակում հաստատությունն արդյունավետ կառավարել, կրթական գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով համագործակցել, ինչպես նաեւ իրականացնել աշխատանքի բաշխում եւ վերահսկում: Այսպիսով, նախագծի ընդունման պարագայում հաստատություններում կբարձրանա գործընթացի կազմակերպման արդյունավետությունը եւ հնարավորինս անխոչընդոտ կընթանա դպրոցի կառավարման, խորհրդակցական մարմինների, կրթական գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը: Կհստակեցվեն նաեւ դպրոցի սեփականության, նրան ամրացված գույքի եւ ֆինանսատնտեսական գործունեության, դպրոցի վերակազմակերպման եւ լուծարման հետ կապված իրավահարաբերությունները: Համաձայն որոշման նախագծի՝ բոլոր այն հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կառավարման նոր համակարգի, անցում կատարելուց հետո՝ եռամսյա ժամկետում, պետք է կատարվեն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ: Քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ նոյեմբերի 9-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

 

 

 

 

ԱՄՐԱԿԱՅՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Կառավարությունը միջոցներ կհատկացնի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ Հաղպատ վանական համալիրի նորոգման նպատակով:

«Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերից մեկը գտնվում է վթարային վիճակում եւ վերականգնման կարիք ունի»,-երեկ՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է եկեղեցու պատի նորոգման եւ ամրակայման նախագիծը, ներկայացվել նախարարություն: Աշխատանքների համար պահանջվող ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8 միլիոն 285 հազար դրամ: Նախարարության կողմից հայտարարվել է մրցույթ, կնքվել են կապալի եւ տեխնիկական հսկողության համապատասխան պայմանագրեր: Գումարը հատկացնելուց հետո կսկսվեն աշխատանքները»,- ասաց նախարարը:

Նախագծով նախատեսվում է 2 միլիոն 771 հազար դրամ էլ հատկացնել Հաղպատ վանական համալիրի արեւմտյան պարսպապատի եւ աշտարակների վերանորոգման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության համար:

«Հաղպատ վանական համալիրի արեւմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժից հետո քարաթափումներ են եղել, առկա են մեծ ճաքեր: Առկա է փլուզման վտանգ: Վնասվածքներ կան նաեւ մյուս աշտարակների եւ պարսպի որոշ հատվածների վրա»,- հայտնեց նախարարը:

 

 

 

 

ԳՐԵԹԵ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի ճանապարհաշինական աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին, արդեն ավարտի են հասցվել մոտ 70 տոկոսով։

Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հունիսի 15-ին։ Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 530 միլիոն դրամ։ Սայաթ-Նովա փողոցում նախատեսվում է հիմնանորոգել 2,5 կիլոմետր երկարությամբ եւ 18 հազար 300 քմ մակերեսով ճանապարհ, որի ողջ երկայնքով կառուցվում է նոր կոյուղագիծ, երկկողմանի սալիկապատվում են մայթերը՝ 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ճանապարհից ամբողջությամբ հեռացվել է հին ասֆալտբետոնե շերտը, փոխարենը տեղադրվում է նոր ասֆալտբետոնե երկշերտ ծածկ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ։

2022 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ արդեն ամբողջությամբ ավարտվել է կոյուղագծի կառուցումը, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկը տեղադրվել է շուրջ 1,5 կիլոմետր երկարությամբ, իսկ մայթերի սալիկապատումը կսկսվի կոյուղու ցանցի տնային միացումների ավարտից հետո։

 

 




Լրահոս