ՀՀ-Ն ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԻ ՍՈՍԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

 

-Պարո՛ն Մելքոնյան, Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հադիպումից հետո խոսվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին, բայց որեւէ խոսք չկա Արցախի ու Հայաստանի հետագա ճակատագրի մասին: Քաղաքական ու անվտանգային իմաստով ի՞նչ փաստաթուղթ է այն:

-Նախեւառաջ, սկսենք այն հանգամանքի վերլուծությունից, որ երբ քաղաքական իշխանությունն ասում էր, թե «Արցախյան հարցի բանակցությունները սկսում է սեփական՝ զրոյական, կետից», իրականությունն այլ բան ցույց տվեց. դիվանագիտական այնպիսի «ֆիասկոների» կամ ցածր նշաձողի է հասել, որ փաստաթղթում անգամ «Լեռնային Ղարաբաղ» կամ «Ղարաբաղ» տերմինը չկա: Օրվա իշխանությունը, որ նախկիններին մեղադրում էր Արցախը հանձնելու մեջ, կերազեր ունենալ նախկին փաստաթղթերից ինչ-որ մեկը, որտեղ ոչ միայն «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն էր օգտագործվում, այլ նաեւ «ինքնորոշման իրավունքի» մասին էր խոսվում: Մյուս հանգամանքն այն է, որ Սոչիում ստորագրված եռակողմ փաստաթուղը, այսպես ասած, ժամանակ ձգելու վերաբերյալ փաստաթուղթ է, երրորդը՝ փաստաթուղթ է, որտեղ ուժային բալանսի փոփոխություն է արձանագրվում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիի հանդիպումից հետո արած հայտարարությունն այն բանի վկայումն է, որ այն, ինչ Ռուսաստանը ցանկացել է, որ տեղ գտնի փաստաթղթում, տեղ չի գտել: Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը թուրք-ադրբեջանական ուժեղացած տանդեմի ձեռքբերումներից մեկն է: Սա փաստաթուղթ է, որտեղ Արցախի, Հայաստանի ու հայկական երկու հանրապետություննների հետ կապվող հարցեր՝ ռազմագերիներ, ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիա, տեղ չեն գտել: Եվ ես այն համոզմանն եմ, որ ո՛չ այս փաստաթուղթը, ո՛չ մեկ այլ փաստաթուղթ չի կարողանալու զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան:

-Տեսակետ կա, որ Ռուսաստանն ու Թուրքիան, այսինքն՝ գերտերությունները, իրենց համար գծում-բաժանում են, ինչի պատճառով գուցե շահում է Ադրբեջանը, տուժում՝ Հայաստանը: Սա իսկապե՞ս գերտերությունների խաղ է, ու մենք սոսկ խաղացողներն ենք:

-Ընդհանրապես միշտ էլ աշխարհում մեծ խաղերը գերտերություններն են խաղում, գերտերություններն են նաեւ քարտեզները գծում, իսկ փոքրերը փորձում են ինչ-որ սրբագրումներ անել, որոշ կետեր փոփոխել: Ցավոք, Հայաստանը հիմա այն իրավիճակում է, որ ոչ միայն խաղացող չէ, այլեւ այդ պայմանագրերում կամ փաստաթղթերում ամենաաննշան փոփոխություննները, սրբագրումներն անելու ի զորու չէ: Եվ, բնականաբար, Հայաստանը, լծակների կամ հնարավորությունների առումով չպետք է համեմատվի  գերտերությունների հետ, բայց այն, որ Հայաստանի ճակատագիրը որոշվում է առանց Հայաստանի, ու ՀՀ-ն այդ հանդիպումների ժամանակ որպես բուտաֆորիա է ներկայանում, նույնպես ակնհայտ է, հետեւաբար սա մեր երկրի դիվանագիտական կապիտուլիացիայի փուլ կարող ենք համարել:

-Ի՞նչ բանակցությունների մեջ են հիմա Թուրքիան ու Ռուսաստանը: Այդ բանակցությունները կարծես դրական ճանապարհով են գնում:

-Պետք է ֆիքսենք ու ընդունենք, որ Թուրքիայի դերակատարումը թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում փոխվել է, ու Թուրքիային եւ Ռուսաստանին կապող տնտեսական, քաղաքական շահերն այժմ ավելի տեսանելի են դարձել, հետեւաբար այս մեծ խաղերի կոնտեքստում Հայաստանի շահը բավական հեշտությամբ զիջվել է: Ակնկալել, որ այս պարագայում այլ պետությունները՝ Ռուսաստանը, իր շահերը ստորադասելու է մեր շահերին ու ամեն ինչ անելու է մեզ համար, միամտություն է: Հիմա Թուրքիան Ռուսաստանի համար կարեւոր նշանակություն ունի, թուրք-ռուսական համագործակցությունն աշխարհաքաղաքական նոր օջախ կամ ծանոթության կենտրոն է ձեւավորում: Եվ այս համատեքստում, պարզ է, որ շահողի դիրքերում կարող է հայտնվել Թուրքիայի եղբայրական պետություն Ադրբեջանը: Հայաստանն այս ամբողջ խաղի մեջ ոչ միայն գործոն չէ, այլ նաեւ հուսալի գործընկեր չէ ու բանակցությունների մեծ սեղանին կամ աշխարհաքաղաքական խաղի այս համապատկերում առաջարկելու ոչինչ չունի, հետեւաբար ՀՀ-ն դիվանագիտական մեծ խաղի մեջ, որտեղ նաեւ իր ճակատագիրն է որոշվում, դիտորդի կարգավիճակում է սոսկ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԵՂԾՈՂ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների խայտառակ կերպով կազմակերպված ընտրություններից հետո վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական եղած, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը:

Փաստ է՝ ՔՊ-ում չեն կարողանում ընտրություններ կեղծել, սակայն, այս ամենին զուգահեռ, իշխող ՔՊ-ում իրավիճակ է փոխվել, եւ նախկին ժողովրդավար ու թափանցիկ աշխատող կուսակցությունն արդեն ամեն ինչ գաղտնի է անում: ՔՊ-ի վերջին համագումարը 2019 թվականին էր, որին ներկա էին ԶԼՄ-ներ,  վարչության ընտրությունների հաշվարկը ուղիղ հեռարձակվում էր:

3 տարում ՔՊ-ն էապես փոխել է իր պատկերացումները: Նախ՝  ՔՊ-ի կայքից հանվել է գրեթե ամեն ինչ՝  նախկին ծրագրերը, վարչության կազմը, հաշվիչ հանձնաժողովի կազմը,  անգամ չեք կարող իմանալ կուսակցության գրասենյակների հասցեներն ու հեռախոսահամարները:

ՔՊ-ի այս համագումարին արգելվել է ԶԼՄ-ների մասնակցությունը, հաշվարկն արվել է փակ դռների հետեւում եւ, ինչպես պարզվեց, կեղծվել է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերու մարմիններից 5-ի պարագայում ունենք արդեն հաստատված փորձաքննության արդյունքները, մյուսներինն էլ ընթացքի մեջ է. երբ ամբողջական ավարտենք, ես լրացուցիչ կտեղեկացնեմ»,- երեկ՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով նրան, որ 44-օրյա պատերազմից հետո եւս կային մարմիններ, որոնց հետ կապված փորձաքննություններ էին իրականացվել, Ավանեսյանն ասաց. «Այդ պրոցեսն ամբողջովին ավարտված է: Արտերկիր ուղարկված փորձաքննությունների, նույնականացումների ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Իհարկե, ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների կողմից չեն ընդունվել, չեն հուղարկավորվել: Սա շատ նուրբ թեմա է, եւ որքան ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է այդ գործընթացը»:

Նա նաեւ նկատեց, որ կառավարությունն ունի պարտավորություն՝ կապված այդ մարմինները հողարկավորելու հետ: «Մենք եւս մեկ ընթացքով ծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո միացյալ հանձնաժողովային որոշումներ կկայացնենք հուղարկավորություններն իրականացնելու:  Մենք պետք է հաշվի առնենք թե՛ հոգեւոր, թե՛ սանիտարահիգիենիկ եւ  թե՛ բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող տարիներով լուծում չստանալ»,- ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էր հանձնել հայկական կողմին:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԷ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ  ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ:

Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:

Երեկ հայտնի դարձավ, որ Վահե Հակոբյանին, նրա եղբորը ու եղբոր կնոջը ՊԵԿ-ը հրավիրել է հարցաքննության։ Թե ինչ գործի շրջանակներում է պատգամավորը հրավիրվել հարցաքննության, դեռ հայտնի չէ։

Հավելենք, սակայն, որ, ArmLur.am-ի տեղեկություններով, Վահե Հակոբյանն այս պահին Հայաստանում չէ։ Նշենք նաեւ, որ հայտնի չէ, թե նա երբ է լքել երկիրը։

 

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Այս օրերին խորհրդարանում շարունակվում է 2023 թվականի բյուջեի քննարկումը։ Կառավարական կաբինետի ու պետական բյուջեից սնվող պետական բոլոր կառույցների ներկայացուցիչները հերթով գալիս ու խորհրդարանում ներկայացնում են, թե եկող տարվա համար ինչքան գումար են ուզում պետբյուջեից։ Այնուհետ սկսում են հիմնավորել՝ դա ինչի վրա են ծախսելու, ինչ են անելու այդ գումարներով եւ այլն։

Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ լիագումար նիստերի նման բյուջեի քննարկումները բոյկոտել ու չի մասնակցում դրանց, ԱԺ մեծամասնությունն առանց նախապես հայտարարված բոյկոտի էլ, կարելի է ասել, «բոյկոտել է» այն։ Բացառությամբ չորեքշաբթի օրվա, երբ խորհրդարան էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մյուս բոլոր օրերին Ազգային ժողովի 334 սրահում, որտեղ որ անցկացվում են քննարկումները, մատների վրա հաշված պատգամավորներ են եղել։ Դահլիճում ներկա պատգամավորների թիվն այս օրերին 6-ը չի գերազանցել, այնինչ «Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ-ում 71 պատգամավոր ունի։ Կիսադատարակ դահլիճը որոշ չափով մարդաշատ է երեւում շնորհիվ տեղից աշխատող լրագրողների ու ԱԺ հանձնաժողովների փարձագետ-աշխատակիցների։

Սա թերեւս այն բանի վկայումն է, որ իշխանությանն ու պատգամավորներին չի հետաքրքրում, թե պետական գերատեսչություններից որ մեկն ինչի համար է պետբյուջեից գումար ուզում։ ՔՊ-ականները խորհրդարան կազմ-պատրաստ ներկայանում են միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը տարածքում է, ու ամեն մեկն իր հերթին գերազանցիկ աշակերտի տպավորություն ստեղծելու խնդիր ունի։




Լրահոս