ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ի երեկոյան Արցախի Ազգային ժողովը 30 կողմ ձայնով Սահմանադրության փոփոխության նախագիծը ուղարկել է Գերագույն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 27-ին, առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել էր այն:

 

Նախագծով մի քանի փոփոխություններ են արվելու: Սահմանադրության մի շարք հոդվածներ կարող են փոփոխվել առանց հանրաքվեի. դրա համար բավարար է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի որոշումը։ Փոփոխոխությունները կարող են նախաձեռնել հանրապետության նախագահը, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսը եւ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Սահմանադրության փոփոխությամբ՝ նախագահական համակարգից անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի:

Նախագծով նաեւ փոփոխություններ են արվել: Ավելի վաղ հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 եւ 2024 թվականներին, սակայն ԱԺ մտած նախագծում այս դրույթը չկա։

Նկատենք՝ Արցախի գործող Սահմանադրությունն ընդունվել է 2006-ին, փոփոխվել՝ 2017-ին։ Սահմանադրության ընդունման, ինչպես նաեւ փոփոխման պահին Արցախի իրավազորությունը տարածվում էր ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) գերակշիռ մասի, այլեւ նախկին ԼՂԻՄ-ին հարակից Խորհրդային Ադրբեջանի յոթ շրջանների վրա՝ ամբողջությամբ կամ մասամբ։ 2020-ի պատերազմից հետո Արցախը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն յոթ շրջանների, այլեւ նախկին ԼՂԻՄ-ի որոշ տարածքների նկատմամբ, այդ թվում՝ Շուշի քաղաքի եւ ամբողջ Հադրութի շրջանի։

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդկերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ներքին եւ արտաքին սպառնալիքները: Սահմանադրաիրավական փոփոխությունների ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել Սահմանադրության փոփոխման եղանակներին առնչվող իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով գործող Սահմանադրության 163-րդ հոդվածը, համաձայն որի՝ Սահմանադրության 1-4-րդ եւ 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

Արդյունքում առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը եւ Սահմանադրության 175-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:

Նախագծով, միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Իսպանիայի Կոնգրեսը նոյեմբերի 3-ին կայացած լիագումար նիստի ընթացքում 174 դեմ, 132 կողմ եւ 35 ձեռնպահ ձայներով չի վավերացրել 2021 թ. դեկտեմբերի 14-ին Իսպանիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագիրը՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

ԵԽ խորհրդարանականներ

Նոյեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՀ խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուները, ՀՀ ԱՀ ներկայացուցչությունում Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

ԵԽ պատգամավորներից հանդիպմանը ներկա էին ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիս Մասիմո Կաստալդոնին, գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգին:

Երկուստեք քննարկել են 2020թ. աշնանային պատերազմի հետեւանքները, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, ներկա եւ ակնկալվող մարտահրավերները եւ դրանց դիմագրավելու հնարավոր տարբերակները, տարածաշրջանային տրամադրությունները:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել մշտապես սատարել Արցախի ժողովրդին եւ կանգնել արցախահայության կողքին:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝  ՌԴ-ՈՒՄ

Աշխատատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի հետ:

ՊՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՕԴԸ ԿԱՆԳՆԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ Արցախում է եւ ակտիվ հանդիպումներ է ունենում:

Տեղեկացանք, որ երկուշաբթի օրը լրանում է Սերժ Սարգսյանի մայրիկի՝ տիկին Նորայի մահվան մեկ տարին: Այդ առիթով Հայաստանից նախկին քաղաքական եւ ոչ քաղաքական էլիտան՝ նախկին ու ներկա պաշտոնյաները, գնալու են Արցախ: Նաեւ հենց դա է պատճառը, որ այս պահի դրությամբ արդեն ազատ հյուրանոցներ գրեթե չկան Արցախի մայրաքաղաքում: Մեծ թվով մարդիկ են Հայաստանից մեկնելու Արցախ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի մայրիկի մահվան մեկ տարվա տարելիցի արարողությանը:

 

 

 

 

ՆՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:

Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետեւյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար,

2) արդարադատության նախարար,

3) արտաքին գործերի նախարար,

4) գյուղատնտեսության նախարար,

5) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար,

6) սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար,

7) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար,

8) քաղաքաշինության նախարար,

9) ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար:

Նախագահի՝ նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության եւ պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաեւ Արցախի Հանրապետության պետական կառավարման հետեւյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝

-պետական վերահսկողական ծառայության պետի,

-կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,

-նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,

-պետական եկամուտների կոմիտեի նախագահի,

-պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,

-ջրային կոմիտեի նախագահի:

 




Լրահոս