ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի հրամանով, հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի ավտոմոբիլային ջոկի ռադիոհեռախոսավար, կոչումով կրտսեր սերժանտ, նույն զորամասում 2022 թվականի սեպտեմբերի 14-ին հրաժարվել է զինվորական ծառայության առանձին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի հրամանով սահմանված Ջերմուկ քաղաքի մատույցներում պաշտպանության անցնելու պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմիններն այս օրերին լուրջ քննություն են սկսել սեպտեմբերի 13-ին եւ 14-ին սկսված պատերազմի գործողությունների մասով: Քննչական մարմինները լծվել են զորամասերի անձնակազմին հարցաքննելու գործին եւ փորձում են հասկանալ, թե ինչու եւ ինչպես ստացվեց, որ երկու օրվա մեջ հակառակորդն այդքան դիրքային առավելություն ունեցավ:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում սեպտեմբերի 13-ի եւ 14-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերով մեղադրանքների առաջադրման տեղատարափ է լինելու, ասել է թե՝ իրավապահ համակարգը տարածքների կորստի բեռը ջարդելու է զորամասի անձնակազմի «գլխին», թե ով ինչ արեց կամ չարեց հայրենիքը փրկելու համար:

Առաջին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետի պետին, որ նա հրաժարվել է պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի հրամանը կատարել:

 

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամի սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան:

Վիգեն Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մարտի 20-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, միայնակ գնացել է Լորուտ բնակավայրի համայնքային վարչական շենքին հարող տարածք, որտեղ տեսնելով էդգար Մելիքսեթյանին, ավտոմեքենայից վերցնելով իր անվամբ ՀՀ ոստիկանությունում հաշվառված ակոսափող որսորդական հրազենը՝ ապօրինաբար էդգար Մելիքսեթյակին կյանքից զրկելու դիտավորությամբ առնվազն երկու անգամ կրակել է վերջինիս, որից հետո Էդգար Մելիքսեթյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Հավելենք, որ սպանվածը Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանն էր:

 

Ինչի՞ց էր սկսվել վեճը:

 

Հիշեցնենք՝ մարտի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Լոռու մարզի Լորուտ գյուղում՝ համագյուղացու տանը, վիճաբանություն էր տեղի ունեցել Էդգար Մելիքսեթյանի ու 19-ամյա Նաիրի Մաթեւոսյանի միջեւ։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել էր իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթեւոսյանին, ինչից հետո նա էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում հրազենից կրակել էր Է. Մելիքսեթյանի ուղղությամբ, որից հետո վերջինս տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՎԹԱՐԻՑ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած եւ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» եւ 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի 8 ուղեւոր, իսկ 4 ուղեւոր մահացել է։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՈՐՈՇՎԱԾ Է

Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանի հեռանալուց հետո թափուր է մնացել Երեւանի դատախազի պաշտոնը: Բանն այն է, որ պարտականությունների ժամանակավոր կատարումը շարունակում է դրված մնալ Երեւանի դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ուսերին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել, որ Լիլիթ Գրիգորյանն էլ նշանակվելու է Երեւան քաղաքի դատախազ: Իսկ ո՞վ է նա: Վերջինս երկար տարիներ քաղաքի դատախազությունում է աշխատել եւ վերջին 10 տարին Երեւան քաղաքի դատախազի տեղակալ է եղել:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՓՈՐՁ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երասխահուն գյուղի 39 տարեկան բնակիչը փորձել է վերջ տալ կյանքին: Մեզ հայտնի դարձավ, որ պահածոների գործարանում խմել է սպասք մաքրող հեղուկ եւ տեղափոխվել բուժօգնության։

 

ՀԵՐԹԱԿԱՆ

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, մշտապես իրականացնելով պայքար Ագարակ պետական սահմանի անցման կետով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող ապրանքներ հայտնաբերելու ուղղությամբ, բացահայտել են հերթական իրավախախտումը։

Օրերս Իրանից Հայաստան ժամանած իրանական բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության շրջանակում մաքսային զննման է ենթարկվել Հայաստանի Հանրապետություն ներմուծված եւ Հարավային մաքսատուն-վարչությունում որպես նավթային բիտում հայտարարագրված ապրանքը։ Զննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ ներմուծված ապրանքը չի հանդիսանում նավթային բիտում։ Նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Իրանից Հայաստան տեղափոխված ավելի քան 25 տոննա քաշով ապրանքն իրենից ներկայացնում է շարժիչային յուղ։

Դեպքի կապակցությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով։ Վարույթի շրջանակում պարզվել է, որ նշված իրավախախտման արդյունքում տեղի է ունեցել ավելի քան 20 միլիոն դրամի չափով մաքսային վճարների պակաս վճարում։ Հաշվի առնելով, որ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչություն։

 

 




Լրահոս