Բանակցային ոչ մի փաստաթղթում էդպիսի բան չկա. Փաշինյանը խաբել է․ մաս 133. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը:

«Նախկին իշխանության ներկայացուցիչներ կան՝ ասում են, որ Լաչինի միջանցքը էսքան պետք է լիներ… էսքան կիլոմետր լայնություն։ Բանակցային ոչ մի փաստաթղթում էդպիսի բան չկա»,- հայտարարել էր Փաշինյանը: Նման հայտարարություն նա արել էր նաեւ ապրիլի 14-ին Ազգային ժողովում՝ կրկին պնդելով, որ Լաչինի միջանցքի լայնությունը որեւէ փաստաթղթում չի նշվել։

«Խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքն այսպես պետք է լիներ, Լաչինի միջանցքն այսպիսին պետք է լիներ. Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչինչ չկա: Դա հետո պիտի քննարկվեր»,- այդ անգամ նշել էր Փաշինյանը:

Իսկ ո՞րն է իրականությունը. 1997 թվականին Մինսկի խմբի կողմից առաջարկված փուլային կարգավորման փաստաթղթում Լաչինի միջանցքի համար առաջարկվել է 20 կմ լայնություն։ «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ազատ, անխոչընդոտ եւ անվտանգ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհի երկայնքով սահմանվում է տարանցիկ գոտի՝ 20 կմ միջին լայնությամբ»,- ասվում է փաստաթղթում։ Լայնության մասին խոսել էր նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա իր՝ 2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ, Քի Վեսթի փաստաթղթով, Լաչինի միջանցքը ունենալու էր 42 կմ լայնություն եւ նույն կարգավիճակը, ինչ կունենար Արցախը։ Սակայն Լաչինի միջանցքի լայնության մասին չի նշվում Մադրիդյան (2007) եւ Կազանյան (2011) փաստաթղթերում։

Ամեն դեպքում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անհիմն, չճշտված տեղեկություններն է հրապարակել, քանի որ Լաչինի լայնության մասին գոնե մի քանի փաստաթղթերում նշված եղել է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս