ԱԵՐՈՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կովկասում հետազոտողներն օգտագործում են աերոտիեզերական տեխնոլոգիաներ, որպեսզի բացահայտեն հայկական մշակութային ժառանգության գաղտնի ոչնչացումը։ Հնագիտության այս նոր մեթոդները անհրաժեշտ են ավտորիտարիզմի դեմ գլոբալ պայքարում։

 

«Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության  մայրաքաղաք Նախիջեւանի ամենաբարձր բլրի գագաթին վեր է բարձրանում ազգային պետության մոնոլիտը։ Դեպի Պետական դրոշի հրապարակ եւ թանգարան են տանում աստիճանները, որոնք բարձրանում են կարգի բերված երկրաչափական լանդշաֆտով։ Թանգարանում ներկայացված են պետության խորհրդանշանները՝ պատմական դրոշներ, դրամներ եւ քարտեզներ, իսկ հրապարակում ծածանվում է հսկայական ադրբեջանական դրոշը։ Բայց, ինչպես եւ ազգային հիշողության պահպանման այլ վայրերում, այս համալիրում անարդարության խլացնող լռություն է տիրում։

Պետական դրոշի հրապարակը եւ թանգարանը զբաղեցնում են տարածք, որը ժամանակին գերեզմանատուն է եղել, որտեղ հայերը հուղարկավորել են իրենց մահացածներին 18-20-րդ դարերում։ Գերեզմանատունը պարզապես ջնջվել է երկրի երեսից եւ դարձել գաղտնի մշակութային ոչնչացման լայնամասշտաբ պետական ծրագրի զոհերից մեկը. պետություն, որը ոչնչացրել է հայկական համայնքների գրեթե բոլոր հետքերը, որոնք դարերի ընթացքում Նախիջեւանը համարել են իրենց տունը։

Նախիջեւանը, որը սեղմված է Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ, մեկուսացված եւ լեռնային էքսկլավ է, որտեղ այցելել կարող են քչաթիվ օտարերկրացիներ. տեղ, որտեղ անարդարության վկայությունը նոր մոտեցում է պահանջում։

Caucasus Heritage Watch (CHW) հետազոտական նախաձեռնությունն օգտագործում է արբանյակային նկարներն ու դատափորձաքննությունների այլ մեթոդներ, որպեսզի վկայի մշակութային ոչնչացման գաղտնի ծրագրերի աշխատանքի մասին։ Վերջերս մենք հրապարակել ենք 430-էջանոց հաշվետվություն, որտեղ մանրամասն նկարագրվում է 108 հայկական  վանքերի, եկեղեցիների եւ գերեզմանատների լիակատար ոչնչացումը Նախիջեւանում 1997-2011թթ.։ Սա նշանակում է, որ հայկական ժառանգության օբյեկտների 98 տոկոսը, որոնք չեն կարողացել հայտնաբերել եւ գնահատել, ոչնչացվել է։

Միջնադարի եւ նոր ժամանակների փաստագրված հուշարձանները չեն ոչնչացվել պարզապես. դրանք միտումնավոր լիովին ջնջվել են լանդշաֆտից եւ պաշտոնական պատմությունից։ Եթե ժառանգության ոչնչացման նման մեթոդները տարածվեն որպես ազգային առասպելաստեղծման նոր մարտավարություն, մարդկության անցյալի անթիվ անփոխարինելի հուշարձաններ կարող են հայտնվել սպառնալիքի առջեւ ամբողջ աշխարհում։

Բայց նոր հասանելի տվյալները, վիզուալացման տեխնոլոգիաները եւ հնագետների մի մասի նոր պատրաստակամությունը՝ նետվելու հակամարտության ջրապտույտի մեջ, այժմ հնարավորություն են տալիս վկայել ժառանգության ոչնչացման մասին, ինչպես նաեւ միջամտել։

Նախիջեւանում ժառանգության ոչնչացման CHW-ի հետազոտությունը փաստագրել է մշակութային ոչնչացման այլընտրանքային, անհամեմատ ավելի կործանարար ձեւ։ Այն տոտալ է, ոչ թե կոնյունկտուրային։ Այն իրականացվում է պետական քաղաքականության բյուրոկրատական ապարատի միջոցով։

Այսօրինակ գաղտնի ոչնչացումը պահանջում է դատաբժշկական փորձաքննություն՝ մոտեցում, որը կարող է փաստագրել ավերածությունը, կանխատեսել նոր սպառնալիքները եւ նպաստել զսպմանը։ Քրեագիտական փորձաքննությունն օգտագործում է առաջավոր տեխնոլոգիաներ, ինչպիսին է Երկրի հեռահար դիտարկումը եւ իմերսիվ ճարտարապետական մոդելավորումը՝ հետաքննելու համար մշակութային օբյեկտների չարաշահումները։ Այն ապացույցներ է տալիս, որոնք կարող են օգտագործվել դատարանում կամ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից, որոնք արդարության եւ ճշմարտության են ձգտում։

Նախիջեւանում ժառանգության ոչնչացման հաշվետվությունում CHW-ն օգտագործել է սառը պատերազմի ժամանակների ամերիկյան հետախուզության գաղտնազերծված լուսանկարները եւ խորհրդային տեղագրական քարտեզները՝ 127 հայկական վանքերի, եկեղեցիների եւ գերեզմանատների գեոլոկացիայի համար։ Մենք օգտագործել ենք նաեւ հայ անվախ հետազոտող Արգամ Այվազյանի անգնահատելի գիտական աշխատանքը եւ ֆոտոարխիվը։ Արգամ Այվազյանը, մեծ ռիսկի ենթարկվելով, փաստագրել է Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգությունը խորհրդային տարիներին։ Այվազյանի աշխատանքները, որոնք օգտագործվել են առկա լուսանկարների համադրմամբ, թույլ են տվել մեզ գնահատել 110 հուշարձանի վիճակը։ Բոլորը, բացի երկուսից, ոչնչացվել են, դրանց շինանյութը դուրս է բերվել, իսկ տեղանքը մաքրվել է հուշարձանների բոլոր հետքերից։

Սբ. Նշան վանքում, որը հիմնել են հայ վանականները 13-րդ դարում, արբանյակային լուսանկարներում երեւում է, որ շինությունը մասամբ պահհպանված էր 1982թ.։ Այդ ժամանակ Այվազյանը  կարողացել է ուսումնասիրել հուշարձանը եւ վերակառուցել հատակագիծը։ 2003թ. լուսանկարում պատկերված է տեղանքը՝ այն վերացնելու գործընթացում։ Պատի մի մասը պահպանվել է, եւ այդ տեղում աղբակույտեր են։ 2009թ. այս վկայությունն արդեն վերացվել է, ասես վանքը չի էլ եղել երբեք։ Այն տեղերում, որտեղ նման ֆիկցիան դժվար էր պահել, օրինակ՝ Ջուղայի (ադրբեջաներեն՝ Ջուլֆա) հայկական միջնադարյան գերեզմանատանը, ռազմական օբյեկտներ են կառուցվել, որպեսզի արգելվի դիտորդների մուտքը։

Դեպքերի մեծ մասում տարածքը, որտեղ ժամանակին հայկական հուշարձաններ են եղել, մնում է չզբաղեցված։ Բայց մի շարք դեպքերում վերացված հայկական հուշարձանների հիմքի վրա վեր են բարձրացել նոր հանրային շենքեր, ինչպիսին են Պետական դրոշի հրապարակն ու թանգարանը։ 1973թ. ամերիկյան հետախուզության արբանյակից արված լուսանկարում լավ երեւում է «Նոր հայկական գերեզմանոցը», որը մի ժամանակ ծածկում էր բլուրը։ Բացի այդ, խորհրդային քարտեզագիրները գերեզմանոցը նշել են 1940-ականներից մինչեւ 1990թ. տեղագրական քարտեզներում։ Այվազյանը գրանցել է մոտ 1 000 տապանաքար իր դաշտային աշխատանքների ժամանակ, որոնք կատարել է 1964-1987թթ., դրանցից մոտ 400-ը հայերեն տապանագրեր են ունեցել, բայց 2005թ. արբանյակային լուսանկարում երեւում է միայն մեկ բեռնատար գերեզմանոցի հարթեցված տեղանքում։ Հենց նոր բուլդոզերներով մաքրված գերեզմանատունն այժմ տրավմաների, բռնության եւ ատելության սպիներ է կրում։

 

 

 

ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԵՆ

2023թ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պետբյուջեից կհատկացվի մոտ 648 մլրդ 453,5 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 4-ին, ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

2022թ. նույն ոլորտին հատկացվել է 589 մլրդ 860 մլն դրամ։ «2021թ. գերատեսչությանը հատկացվել էր 619 մլրդ 776,1 մլն դրամ»,- նշել է Խաչատրյանը։

 

 

 

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում եւ Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա, կիրականացնի ծառատունկ: Կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր. հիմնվում է անտառ-տնկարկ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ կատարվել է սանիտարական էտ, եւ ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ եւ երեք հազար թուփ:

Ներկա են լինելու Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալները, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, կառավարության անդամներ:

 

 

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Վերոնշյալ ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու հրատապությունն ու անհրաժեշտությունը բխում են պատմամշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության կարեւորությունից: Առկա խնդիրները վկայում են, որ հուշարձանի սեփականատերերը հաճախ տեղյակ չեն լինում, որ ձեռք են բերում հուշարձան հանդիսացող շինություններ, ինչն իր հերթին առաջ է բերում պահպանությանն առնչվող մի շարք խնդիրներ: Հաշվի առնելով իրավիճակը` առաջ են քաշվել սեփականության վկայականներում այդ մասին ամրագրում անելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ամրագրել, որ հուշարձան լինելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում։

Նախատեսվող մյուս կարեւոր փոփոխությամբ առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձան պետական ցուցակում ընդգրկելու չափորոշիչները, հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների եւ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձեւերը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, միաժամանակ նպաստել պատմության եւ մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը, խնդիրների լուծման արդյունավետությանը եւ մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:




Լրահոս