ԱՆՆՇԱՆ ԴՐԱԿԱՆ ՇԱՐԺ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է, որ իրարից պետք է տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու Արցախի ինքնորոշման հիմնախնդիրը: Ըստ նրա՝ պետք չէ կատեգորիկ լինել ու պահանջել, որ «խաղաղության պայմանագրով» պետք է լուծվի նաեւ Արցախի կարգավիճակի հարցը: «Երկու տարբեր հարցերը տարանջատել է պետք մեկը մյուսից, ինչը բարեհաջող արվում է»,- նշում է նա:

 

-Իշխանությունը հակված է հայկական տարբերակին, սակայն ոմանք մեզ մեղադրում են չափից ավելի շատ արեւմտամետ լինելու մեջ, մյուսները՝ ռուսամետ լինելու մեջ, եւ այս ամենը ապացույցն է այն ամենի, որ մենք վարում ենք արտաքին եւ հավասարակշռված  քաղաքականություն: Յուրաքանչյուր պետության հետ մենք մեր հարաբերությունները կառուցում ենք փոխադարձ շահերի հիման վրա: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ես մտավախություն ունեմ, որ դա չի էլ կնքվելու մոտ ապագայում, սակայն մյուս կողմից էլ թվում է, թե դա հնարավոր է: Եթե դա Թբիլիսիում է լինելու, թող լինի  Թբիլիսիում:

-Մոտավոր ի՞նչ ժամկետներ եք նախատեսում:

-Ես դա կապում էի  սահմանների եւ սահմանազատման խնդիրների հետ եւ, ըստ այդմ, կարծում էի, որ պայմանագրի կնքումը կարող էր ձգձգվել, քանի որ կողմերը գալիս են համաձայնության, որ իրենց համար հիմնային է 1991 թվականին Ալմաթայում  կնքված պայմանագիրը, որով բոլորը Խորհրդային Միությունում ճանաչում են միմյանց սահմանները, եւ այս ամենը բերում է նրան, որ կարող է հիմք հանդիսանալ, որ պայմանագիրը շուտ կնքվի:

-Նիկոլ Փաշինյանն ասում է,  որ  կողմ է ռուսական տարբերակին, որը որ Արցախի հարցն անժամկետ  հարցականի տակ թողնելն է, բայց չի մերժում արեւմտյան տարբերակը,  ավելին՝ Հայաստանը համաձայն է Ադրբեջանի կողմից առաջարկվող 5 կետերին եւ, համենայնդեպս, չի առարկում: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը բոլոր տեսակի առաջարկները ընդունում է, սակայն վերջնական որոշում չկա, թե  ինչ է լինում, եւ որ ճանապարհով ենք գնում:

-«Հայաստանը բոլոր տեսակի առաջարկներն ընդունում է». այս նախադասությունը ես մի քիչ կփոխեի այլ կերպ՝ Հայաստանը ընդունում է բոլոր տեսակի առաջարկությունները, որոնք հենված են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերութունների ճշգրտման եւ, մյուս կողմից, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հիմքերի վրա: Այս հիմքի վրա եկող առաջարկությունները թե որտեղից են, կարեւոր չէ, դրանք մեզ համար երկրորդական են. կարեւոր է, որ մենք այդ հիմքի վրա պատրաստ ենք  շարունակել բանակցությունները եւ հասնել նպատակակետին:

-Պարո՛ն Աղազարյան,  ինքներդ ո՞ր տարբերակին եք հակված:

-Նախ՝ ես միանշանակ կողմ եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տարանջատմանը Արցախի Հանրապետության ինքնորոշման հարցից, իսկ ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի իրացման խնդրին, դա շատ բարդ հարց է, եւ, հետեւաբար, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին:

-Այսինքն՝ Դուք կո՞ղմ եք, որ Հայաստան- Ադրբեջան հարաբերությունները տարանջատեն Արցախի Հանրապետության ինքնորոշման հարցից:

-Այո, տարանջատում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, որը արվում է բարեհաջող:

-Այսինքն՝ դրական քայլեր տեսնո՞ւմ եք երկու երկրների  հարաբերությունների մեջ, եթե Արցախի ինքնորոշման հարցը դնում ենք մի կողմ:

-Շատ թույլ, կարելի է ասել՝ աննշան, որովհետեւ Ադրբեջանն էլ պետք է հասկանա, որ չի կարող հավերժ գտնվել պատերազմական իրավիճակի մեջ: Մենք չենք կարող անտեր թողնել մեր ժողովրդի մի հատվածին եւ, հետեւաբար, պետք է այդ ճանապարհի վրա ձգտենք լուծումների, եւ հաճախակիանան ուղիղ շփումներն Ադրբեջանի հետ, որը օգտակար կլինի երկու երկրների եւ տարածաշրջանի զարգացման համար: Այդ ճանապարհին կլուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը. հիմա թե ինչ մակարդակով, դա արդեն ժամանակի հարց է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՎՃԱՐՈՒՄԸ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Նախորդող ժամանակահատվածում ահազանգեր էի ստանում այն մասին, որ ՀՀ զինծառայողների եւ պետական մի շարք մարմինների աշխատակիցների ամենամյա արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում։ Մասնավորապես, բարձրաձայնվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա պրակտիկան։

 

Այս առիթով խորհրդարանում կազմակերպեցի աշխատանքային քննարկում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների, իրավապաշտպանների եւ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության անդամների միջեւ։

Քննարկման թեման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին եւ 158-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված իրավակարգավորումների կիրառման շուրջ առաջացող հարցերն էին եւ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղիների հստակեցումը։

Է. Հովհաննիսյանի օրինակով ծավալեցինք շահագրգիռ քննարկում, արձանագրեցինք, որ հարցը դատական կարգով եւս բողոքարկվել է, ու պայմանավորվեցինք համապատասխան դատական ակտի կայացումից հետո հստակեցնել հետագա քայլերը։

Զինծառայողների իրավունքներին առնչվող հարցերը ինձ համար խիստ արդիական են»:

 

 

 

 

ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

«Մեզ մոտ կրակոցների ձայներ չեն լսվել, հնարավոր է, որ դիրքերի ուղղությամբ լինեն, բայց գյուղում չենք լսել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասացին Գեղարքունիքի մարզի Կուտական եւ Կութ վարչական շրջանների ղեկավարներ Գրիգորի Ավագյանն ու Մակիչ Թովմասյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

 

 

ԳՆՈՒՄ ՈՒ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ

Հայաստանում, այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով, գրանցվել է անշարժ գույքի 53 278 գործարք։  Ընդհանուր առմամբ,  իրականացված գործարքները, այս տարվա երրորդ եռամսյակի կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի են 2,7 տոկոսով:  Հիմնականում գործարքները վերաբերել են օտարմանը. առքուվաճառքի թվերը նվազել են 15 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ամենաշատ գործարքները կատարվել են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, իսկ ամենաքիչը՝ Նուբարաշենում: Հանրապետության՝ մասշտաբով ամենաքիչ  գործարքները եղել են Վայոց ձորի մարզում։

Անշարժ գույքի քառակուսի մետրի գները շարունակում են աճել: Այն այժմ ունի հետեւյալ տեսքը՝

o Կենտրոն-աճել է 17,1 տոկոսով, կազմել՝ 746 000 դրամ,

o Արաբկիր-աճել է 14,7 տոկոսով, կազմել՝ 530 500 դրամ,

o Քանաքեռ-Զեյթուն-աճել է 17,6 տոկոսով, կազմել՝ 387 400 դրամ,

o Նոր-Նորք-աճել է 8,5 տոկոսով, կազմել՝ 331 000 դրամ,

o Էրեբունի-աճել է 17,3 տոկոսով, կազմել՝ 343 800 դրամ,

o Շենգավիթ-աճել է 10,1 տոկոսով, կազմել՝ 341 400 դրամ,

o Դավթաշեն-աճել է 19,6 տոկոսով, կազմել՝ 391 000 դրամ,

o Աջափնյակ-աճել է 14,2 տոկոսով, կազմել՝ 362 600 դրամ,

o Մալաթիա-Սեբաստիա-աճել է 15 տոկոսով, կազմել՝ 339 000 դրամ,

o Ավան-աճել է 13,4 տոկոսով, կազմել՝ 337 700 դրամ,

o Նուբարաշեն-աճել է 13,4 տոկոսով, կազմել՝  205 400 դրամ:

Բացի վաճառքից եւ գնումից, վարձակալության գործարքների թիվը եւս ավելացել է, եւ կրկին ամենաշատ գործարքները կատարվել են Երեւանում,  հիմնականում՝ Կենտրոնում, Ավանում ու Շենգավիթում։

 




Լրահոս