Պարոն Խզմալյանը թող պատասխանի, թե ինչու են նման որոշում կայացրել. «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ը միավորում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարոն Խզմալյանը թող պատասխանի, թե ինչու են նման որոշում կայացրել:Մենք չեն համաձայնել նախագծի հետ եւ մեր համաձայնությունը չենք տվել: Արդեն որոշված է, Կառավարությունն ընդունել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ի տնօրեն Էրիկ Չանչուրյանը` անդրադառնալով Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի այն  որոշմանը, որով  «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլվում և ձևավորում են «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց համար անակնկալ է եղել ԿԳՄՍ նախարարության նման որոշումը, եւ նրա հարցադրումներին ի պատասխան Արա Խզմալյանն ասել է, թե  այսպես ավելի արդյունավետ կլինի աշխատանքը:

Իսկ ահա մեր զրուցակիցը չի կիսում փոխնախարարի կարծիքը. «Ես ոչինչ ասել չեմ կարող, պետությունն արդեն որոշել է իր քայլերը»:

Հավելենք, որ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչն իր հերթին կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:

Ներկայում Հայաստանում գործող պետական կարգավիճակ ունեցող 6 մշակութային կազմակերպություն չունեն իրենց հիմնական գործառույթներից բխող գործունեությունը (փորձեր և համերգներ) իրականացնելու մշտական հարթակներ և տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում։ Այսպես՝ Հայաստանի պարի պետական անսամբլը գործում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը՝ «Ա․Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում, Թ․Ալթունյանի անվ․ երգի-պարի պետական համույթը՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում:

Ներկայում, ՊՈԱԿ-ների թվակազմը ունի հետևյալ պատկերը․

«Հայաստանի պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ՝ 71 հաստիք

«Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ՝ 88 հաստիք

«Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» ՊՈԱԿ՝ 52 հաստիք:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի ներքո՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ»-ը և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս