«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Սահմանադրական դատարանի անդամների շրջանում նկատվում է լուրջ խառնաշփոթ։
Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ ԲԴԽ-ի կողմից վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունների դադարեցման գործով վերջինս դեռևս մեկ տարի առաջ դիմել էր Սահմանադրական դատարան։
ՍԴ-ում գործի քննությունը բնականոն զարգանում էր, երբ պատահաբար Վճռաբեկ դատարանում մեծ փորձառություն ունեցող ՍԴ անդամ Ե․ Խունդկարյանը, որպես տվյալ գործով զեկուցող դատավոր, փոխարինվեց նորանշանակ և դատական համակարգում բացարձակ փորձառություն չունեցող Վահե Գրիգորյանով։
Անմիջապես նույն օրը վարույթը կասեցվեց՝ լրացուցիչ ապացույց պահանջելու հիմքով, որից հետո արդեն վեց ամիս է, ինչ վարույթ շարունակվում է կասեցված մնալ։
Թեկուզև պարզ չէ, թե ինչ ապացույց է պահանջել ՍԴ-ն, սակայն դժվար է պատկերացնել, որ որևէ պաշտոնատար անձ խիզախություն կունենա չտրամադրել այդ ապացույցը ՍԴ-ին վեց ամսվա ընթացքում։
Ակնհայտ է, որ կասեցումը եղել է միայն քողարկում, իսկ նպատակը վարույթն անժամկետ ձգձգելն է, քանի որ օրենքով Սահմանադրական դատարանը պարտավոր է որոշումն ընդունել 6 ամսում, եթե վարույթը չի կասեցվում։
ՍԴ-ի կողմից դիմումի վարույթ ընդունելն արդեն իսկ հարված էր Ջհանգիրյանին, որից հետո վերջինս, բնականաբար, փորձում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ իր դեմ որոշում չկայացվի։
Ստացվում է, որ կասեցումը և ժամանակ շահելը միայն այն անձանց օգտին է, ովքեր փորձում են ազդել ՍԴ անդամների վրա, քանի որ ՍԴ-ի կազմում շուտով կարող են տեղի ունենալ փոփոխություններ և նոր անդամների համալրում, որը թույլ կտա ձևավորել միատեսակ դիրքորոշում։ Ավելին, Գագիկ Խանդանյանի դատավորի պաշտոն զբաղեցնելու տարիքը, բոլոր դեպքերում, լրանում է 2023 թվականին։
Այսինքն, անգամ ՍԴ-ի կողմից դրական որոշման կայացման դեպքում, որքան վարույթը շարունակում է մնալ կասեցված, այնքան ավելի է նվազում հավանականությունը դատավորի լիազորությունների վերականգնման համար։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում