«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի հուլիսի 12-ին կառավարության կողմից հայտարարություն տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել է Հայաստանում նոր «ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր»։
Ավելի վաղ՝ 2021-ի նոյեմբերին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էր նշել, որ կառավարությունը 2026-2027-ին նախատեսում է նոր ատոմակայան կառուցել։ «Դա նշանակում է, որ մինչեւ 2036 թվականը պետք է պատրաստվել եւ իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասել էր Սանոսյանը՝ հավելելով, որ կառուցման աշխատանքները կտեւեն 7-8 տարի։
Ուշագրավ է, որ մինչ այդ այլ հայտարարություններ են եղել. 2019 թվականի դեկտեմբերի 10-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին 2021-ի ապրիլին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ցանկանում է «քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները հերթական անգամ անում են մոլորեցնող հայտարարություններ, հերքում իրենք իրենց եւ դրանով խաբում ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում