ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ծախսային մասով գալիք տարվա համար կհատկացվի 298,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից 9 տոկոսով ավելի է: Այս գումարը կազմում է պետական բյուջեի 11,5 տոկոսը: Նախարարությունը հաջորդ տարի նախատեսում է իրականացնել 23 ծրագիր՝ 137 միջոցառումով: Տրանսպորտի ոլորտին նախատեսված է հատկացնել 115 մլրդ դրամ, ջրային ոլորտին՝ 49,6, էներգետիկ ոլորտին՝ 27, տարածքային կառավարման ոլորտին՝ 137,8 մլրդ դրամ: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

 

Նախարարը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը:

«Տարածքային զարգացում» ծրագրի իրականացման համար կհատկացվի 99 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից ավելի է 15,5 մլրդ դրամով: Մյուս խոշոր հատկացումը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերին: Գալիք տարում այս ծախսերին կհատկացվի 23 մլրդ դրամ. այս տարի հատկացվել է 18 մլրդ:

Սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով 2023 թ. կհատկացվի 973 մլն դրամ: Սահմանամերձի կարգավիճակ ունեն 23 համայնք եւ 82 բնակավայր:

«Երեւան քաղաքին սուբվենցիաների հատկացում» ծրագրով նախատեսված է տրամադրել 5,4 մլրդ դրամ:

«Քաղաքային զարգացում» ծրագրին կհատկացվի 23,4 մլրդ դրամ: Մասնավորապես, Երեւան քաղաքի համար ավտոբուսներ գնելու համար կտրամադրվի 11,3 մլրդ դրամ: Նախարարը հայտնել է, որ արդեն մոտենում է ավտոբուսների գնման եւ վճարման փուլը:

Գյումրիի համար նախատեսված է 700 մլն դրամ: Այս գումարի շրջանակում կիրականացվեն լուսավորության, ճանապարհաշինական աշխատանքներ:

2023թ. օտարվելու է 10 մլրդ դրամի չափով պետական գույք:

49,6 մլրդ դրամ նախատեսված է հատկացնել ջրային ոլորտին: 32,8 մլրդ կհատկացվի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրին:

10,6 մլրդ դրամ հատկացվելու է Կապսի ջրամբարի շինարարությանը, 5,5 մլրդ՝ ոռոգման համակարգերի զարգացմանը եւ այլն:

«Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի բարելավում» ծրագրին կտրամադրվի 15 մլրդ դրամ:

Երեւան քաղաքին հատկացումները գալիք տարում 6,2 մլրդ դրամով ավելի կլինեն:

2023թ. Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 42 մլրդ 316 մլն դրամ, որից խոշորը կրթական ծրագրերով պետության կողմից Երեւան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններն են՝ 18 մլրդ դրամի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով 2023թ. բյուջետային հատկացումները:

Քաղաքապետի խոսքով՝ Երեւանի մետրոպոլիտենով ուղեւորափոխադրման ծառայությունների կազմակերպման համար 2023 թ. կհատկացվի մոտ 2 մլրդ 700 մլն դրամ:

2023 թ. Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ դրամ:

Հրաչյա Սարգսյանը նաեւ նշել է, որ 2023 թ. բյուջետային հայտի մեծ մասնաբաժին է կազմում տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարը: Ավտոբուսները Երեւանում կլինեն գալիք տարվա ամռանը: Հատկացումը կլինի 9 մլրդ դրամի շրջանակում:

«Ես վստահ եմ, որ 2023 թ. ընթացքում մենք 70 տոկոսի չափով կլուծենք տրանսպորտի խնդիրը: Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, սակայն դա առաջնահերթ քայլերից մեկն է»,- ասել է քաղաքապետը:

2023թ.  էներգախնայող միջոցառումների շրջանակում նախատեսվում է մանկապարտեզների վերանորոգում, որը կիրականացվի Եվրամիության տրամադրած շուրջ 2 մլրդ վարկով: Քաղաքապետի խոսքով՝ եկող տարի նախատեսվում է կնքել եւս մեկ վարկային համաձայնագիր, որով կվերանորոգվեն 6 պոլիկլինիկա եւ 16 մանկապարտեզ:

Երեւանի քաղաքապետը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցադրումներին:

Անդրադառնալով մանկապարտեզների գերծանրաբեռնվածությանը վերաբերող հարցին՝ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երեւանում կա 162 մանկապարտեզ, որից 24-ը կապիտալ վերանորոգման փուլում է: Այդ պատճառով 24 հաստատություն հաճախող երեխաները հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալու: Ըստ նրա՝ նախնական հաշվարկով՝ 2023 թ. 40 մանկապարտեզ կլինի վերանորոգման փուլում: Քաղաքապետը նշել է, որ կան նաեւ նորակառույց շենքերով համալրված հատվածներ, որտեղ մանկապարտեզներ չկան: Այս համատեքստում ընդգծվել է, որ 3 տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է նոր մանկապարտեզների կառուցում:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել են նաեւ ՀՀ մարզպետները, որոնք ներկայացրել են 2023թ. բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ՊԵՏ

Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը:

Այս մասին Երեւանի քաղաքապետարանում նոյեմբերի 7-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 

 

 

27-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27):

Շարմ էլ Շեյխում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաեւ հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ:

Միջազգային համաժողովին այս տարի մասնակցում են շուրջ 120 երկրների առաջնորդներ, տարբեր երկրների մոտ 45 հազար պատվիրակներ:

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը շեշտադրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական, խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունը: «Դրա համար մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ վտանգավոր գործողություններից եւ քայլերից, որոնք կարող են լարվածության հանգեցնել շփման գծում»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների մասին հաղորդումներին:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչի) պաշտոնից:

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունիում՝ ավտոտնակում ինքնասպան եղած 22-ամյա երիտասարդի՝ Նարեկ Իսրայելյանի՝ Էրեբունիում հայտնի թաղային հեղինակություն համարվող Պիստ Արմենի՝ Արմեն Իսրայելյանի որդու դեպքով:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 11։40-ի սահմաններում շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավանեսովի փողոցի տներից մեկը, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի. գրել էր shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են 22-ամյա Նարեկ Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Նարեկ Ի.-ն ինքնասպանություն է գործել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Էրեբունիում՝ ավտոտնակում ինքնասպան եղած 22-ամյա երիտասարդը՝ Նարեկ Իսրայելյանը, Էրեբունիում հայտնի թաղային հեղինակություն համարվող Պիստ Արմենի՝ Արմեն Իսրայելյանի որդին էր:

Պիստ Արմենը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սանիկն է: Մեզ հայտնի դարձավ, որ որեւէ մեկը երիտասարդ տղային չի դրդել կամ հասցրել այդ քայլին: Նախաքննական մարմինն արդեն ունի տվյալներ, որ երիտասարդ տղան ունեցել է առողջական լուրջ խնդիրներ եւ այդ  իրավիճակից ելնելով՝ որոշել է վերջ տալ իր կյանքին:

 

 

 

ՈՐՍԸ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Սեւանա լճում խեցգետին չկա։ Այս մասին ահազանգում են մասնագետները՝ նկատելով, որ Սեւանա լճում՝ ջրային ավազաններում, կտրուկ նվազել են խեցգետնի պաշարները: Պատճառը, ըստ մասնագետների, խեցգետնի որսը սխալ կանոնակարգելն է: Ճիշտ է, որսի թույլտվություն տրվում է, բայց չի վերահսկվում, եւ որսի ծավալները գնալով ավելի ու ավելի են շատանում: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է խեցգետին արտադրել։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վահան Քերոբյանի ղեկավարած նախարարությունն առաջարկում է 2023-2025 թթ? հանրապետությունում հիմնել 9 խեցգետնաբուծական համալիրներ, 3-ական՝ փոքր, միջին, խոշոր։ Ավելին, տնտեսավարողներին տրամադրվելու է փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50 տոկոսի չափով։ Փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմելու է 819 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի Հայաստանի 2023, 2024 եւ 2025 թվականների պետական բյուջեից տարեկան հատկացնել 273 մլն դրամ։

 




Լրահոս