ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը նախագիծ է ներկայացրել քննարկման, որով առաջարկում է ստեղծել  հետախուզական գործունեություն իրականացնող առանձին մարմին (ծառայություն)` վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակով:

 

Հիմնավորման մեջ նշվում է, թե ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված է արտաքին հետախուզական ծառայություն ունենալու հրամայականը:  Միեւնույն ժամանակ նշվում է, որ  Հայաստանն ունի նոր որակի հետախուզություն ունենալու եւ սեփական հետախուզական դպրոցը ձեւավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության եւ ոլորտի բարելավման ապահովման նպատակով: Հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն:

Ընդ որում, ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը: Ծառայության պետն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է վարչապետին:

Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի՝

1) ծառայության բարձրագույն պաշտոններ,

2) ծառայության գլխավոր պաշտոններ,

3) ծառայության ավագ պաշտոններ,

4) ծառայության միջին պաշտոններ,

5) ծառայության կրտսեր պաշտոններ:

Որպես առանձին կառույց՝ ՀՀ արտաքին հետախուզության ստեղծման անհրաժեշտությունը բխում է՝

l հետախուզական եւ հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացման,

l դրանցում ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հետեւողական իրականացման,

l տեխնոլոգիական տեսանկյունից՝ բազմատեսակ, գործունեության էության տեսանկյունից՝ բազմաբնույթ հետախուզական հանրության բնականոն ստեղծման

հրամայականներից:

Այն համահունչ է համաշխարհային փորձին՝ թե՛ աշխարհի առաջատար երկրների, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ մեր անմիջական հարեւանների օրինակով:

ՀՀ արտաքին հետախուզության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռնելով կենտրոնանալ հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլեւ հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:

Նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է ունենալ ժամանակակից ենթակառուցվածքներով եւ նյութատեխնիկական ապահովածությամբ, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացում ուրույն դերակատարում ունեցող, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մասնագիտացված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ծառայություն:

Նաեւ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը բաղկացած է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնից՝ Ծառայությունից՝ կենտրոնական եւ մարզային կառուցվածքային ստորաբաժանումներից, հատուկ նշանակության եւ այլ ստորաբաժանումներից, ինչպես նաեւ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններից (պետական կառավարման համակարգի մարմիններում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներից):

1.Արտաքին հետախուզական գործունեության նպատակներն են՝

1) վարչապետին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը,

2) Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպես նաեւ նույն քաղաքականության իրականացման ապահովումը,

3) Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը, պաշտպանունակությանը, տնտեսական զարգացմանը, գիտատեխնիկական եւ ռազմաարդյունաբերական առաջընթացին աջակցումը,

4) արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը:

  1. Արտաքին հետախուզական գործունեությունը չի կարող իրականացվել սույն օրենքով չնախատեսված նպատակներին հասնելու համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲԱՆԱՎԵՃ՝ ԲԴԽ ՆԻՍՏՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Դատավորին վերագրվում է դատավարական ժամկետի խախտում, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ դատավորի վարքագծի կանոնի խախտման։ Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդության, դատական ակտն ուշացումով է կողմին տրամադրվել։

 

ԲԴԽ-ում մեկնարկել է միջնորդության քննության նպատակով հրավիրված նիստը։

Մինչ միջնորդության ըստ էության քննությանն անցնելը Կարեն Անդրեասյանը հայտնեց ինքնաբացարկ հայտնելու մասին՝ նշելով, որ կարգապահական վարույթը հարուցվել է իր կողմից արդարադատության նախարար լինելու ընթացքում։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց բավարարել միջնորդությունը։

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանին բացարկ հայտնելու մասին՝ արձանագրելով, որ Թումանյանցը եղել է արդարադատության նախարարի տեղակալ, առնչություն ունեցել սույն վարույթի հարուցմանը։ Նրա խոսքով՝ ադարադատության նախարարի տեղակալն ի պաշտոնե պետք է կիսի եւ պաշտպանի արդարադատության նախարարի դիրքորոշումները։ Բացի այդ, Թումանյանցը տարիներ շարունակ աշխատել է Կարեն Անդրեասյանի հետ ՄԻՊ գրասենյակում, «AM» փաստաբանական գրասենյակում, ապա՝ նախարարի տեղակալի պաշտոնում, հիմա էլ Կարեն Անդրեասյանի հետ տեղափոխվել է ԲԴԽ, եւ այս «կայուն սերտաճությունը» նկատի ունենալով՝ Սիրանուշ Սահակյանն ընդգծեց՝ Թումանյանցը չի կարող անաչառ լինել իր նախկին ընկեր, գործընկեր, նախկին ղեկավար Անդրեասյանի վարույթի հետ։

ԲԴԽ-ն որոշեց մերժել միջնորդությունը՝ արձանագրելով, որ Թումանյանցն այդ ընթացքում չի առնչվել վարույթին։ Դատավորի ներկայացուցիչը եւս մեկ բացարկի միջնորդություն ներկայացրեց, այս անգամ՝ ԲԴԽ երեք գիտնական անդամներին՝ Դավիթ Խաչատուրյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ վերջիններս ԲԴԽ անդամ են ընտրվել ԱԺ-ի կողմից՝ իշխող քաղաքական ուժի կողմից, ընդդիմությունը չի մասակցել քվեարկությանը, հաշվի չեն առնվել պրոֆեսիոնալ գործոնները։

Սահակյանը հավելեց, որ ԲԴԽ գիտնական-անդամների թափուր տեղերն առաջացել են տարբեր արատավոր գործընթացների պայմաններում։ Ավելին, Սահակյանն ուշադրություն հրավիրեց ԲԴԽ անդամներ Անդրեասյանի եւ Թումանյանցի ընտրության հարցին՝ նշելով, որ եթե ավելի հեղինակավոր գիտնական-անդամներ տեսնեին, գուցե այլ կերպ լիներ, բայց բազմաթիվ հեղինակավոր-գիտնականներից առաջադրվել է իրենց թիմի թեկնածությունը, վերջիններս քաղաքական պաշտոնից անմիջապես տեղափոխվում են ԲԴԽ։

Սահակյանի խոսքով՝ կախյալության աստիճանը մեծանում է, անկախության երաշխիքները գնալով ավելի են փոքրանում։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգորի Մինասյանն էլ միջնորդությունը որակեց որպես քաղաքական հայտարարություն՝ նշելով, որ այն նման է «Հայաստան» դաշինքի վերջին հանրահավաքի հայտարարություններին։

Սիրանուշ Սահակյանը արձագանքեց այս ամենին՝ նշելով, որ նա «Հայաստան» դաշինքի հանրահավաքներ չի նայում:

 

 

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետի առանձնատան մոտ 47-ամյա տղամարդու ինքնահրկիզման դեպքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, որ նա շատ պարտքեր է ունեցել, ավելին՝ այդ պարտքերի հետեւանքով նրա մեքենան հետախուզման մեջ է եղել. մեքենան հայտնաբերվել եւ առգրավվել է: Նրա կինը թողել հեռացել է նրանից, եւ նա տեւական ժամանակ պարբերաբար խմել է ու որոշել դիմել այդ քայլին:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության է տեղափոխել Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակչին:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաեւ վերնազգեստ եւ կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական եւ մատնադրոշմային փորձաքննություններ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական կեցավայրի դարպասների դիմաց, 47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպան լինել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՎՏՈՎԹԱՐ

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 21։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի եւ Բագրատունյաց պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Պարզվել է, որ բախվել են VAZ-2121 (վարորդ՝ Գ. Ա.) եւ Toyota Prius (վարորդ՝ Է. Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը VAZ-2121 մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Մ. Ա.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։

 




Լրահոս