1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվել է սամբոյի աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որտեղ հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ 88 կգ քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել Դավիթ Գրիգորյանը:

Նախնական գոտեմարտերում նա առավելության է հասել ֆրանսիացի Ժան Դելոնսայի նկատմամբ (3:1), գրեթե հավասար պայքարում (1:1) հաղթահարել է վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը, ապա 5:4 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Ոսկե մեդալի համար Գրիգորյանը մրցել է աշխարհի եռակի չեմպիոն, ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովի հետ և պարտություն կրելով՝ բավարարվել է արծաթե մեդալով:

Նշենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում:

Ղրղզստան էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, ինչպես նաև մարտական սամբոյի տղամարդկանց 7 քաշային կատեգորիաներում խաղարկվել է մեդալների 21 հավաքածու: Առաջնությանը մասնակցել է ավելի քան 50 երկրի ներկայացուցիչ:

Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան՝ համաձայն սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, հանդես են եկել FIAS դրոշի ներքո: Սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ ներկայացել է նաև փախստականների հավաքականը՝ մեկ մարզիկով:

Վենեսուելացի Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը փախստականի կարգավիճակով բնակվում է Ֆրանսիայում, դարձել է աշխարհի չեմպիոն: Սամբոյի աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ ոսկե մեդալ է նվաճել 6 հավաքական:




Լրահոս